Ժիրայր Անանյան

Ժիրայր Անանյան

Ժիրայր Անանյանը ծնվել է 1934-ի հուլիսի14-ին Բերդ ավանում, ուսուցչի ընտանիքում: 1952-ին ավարտել է Երևանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին՝ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը:

1959-80-ին աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում՝ որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ: Դրամատուրգի առաջին պիեսը՝ «Դիպլոմի համար», խաղացվել է 1956-ին՝ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում: Այնուհետև թատերախմբերը բեմադրել են «Հայրիկ, ո՞ւր» պիեսը: Տասնամյակներ շարունակ Ժիրայր Անանյանի պիեսները բեմադրվում են Հայաստանի պետական թատրոններում և հանրապետությունից դուրս:

Նրա «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը տեղ է գտել «Տեատր» հանդեսի՝ պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում: Կատակերգության տեսագրված ժապավենները տարածված են տարբեր երկրներում: 1978-ից Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է դրամատուրգի կատակերգությունները:

Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-90 թվականների խաղացանկում միաժամանակ ներկայացվում էին Ժիրայր Անանյանի երեք պիեսները՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»: «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989-ին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» այստեղ ներկայացրել է 1994-ին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001-ին Իրանում:

Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992-ին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993-ին կայացել է Եևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997-ին: Հայաստանի պետական թատրոններում ամենից շատ բեմադրված հեղինակն է վերջին երկու տասնամյակում: Թարգմանվել և բեմադրվել է բազմաթիվ լեզուներով:

0 0 1733 Июль 14, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում