Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցի

Ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն: XII — XIII դդ. հայ ականավոր առակաբան-քարոզիչ, հասարակական գործիչը իր գործերի հիշատակարաններում եղած որոշ տվյալների համաձայն ծնվել է Ասորիքի Դլուք (Տլուք) գավառի հայաբնակ Մարութա գյուղում:

Սովորել է ծննդավայրում, այնուհետեւ՝ Սև լեռների Արքակաղին վանքում, ստացել վարդապետի աստիճան: Վ. Այգեկցին իր ճառերն ու քարոզները համեմել է առակներով ու զրույցներով, որոնք ավելի հեշտ ընկալելի են դարձրել քարոզվող գաղափարները: Դրանով Վ. Այգեկցին նաև հայ գրականության մեջ մտցրել է մի նոր տեսակ՝ առակավոր ճառեր: Խրատների մեջ ներառված առակների համար հիմնական աղբյուրները եղել են Եզոպոսյան առակները և «Բարոյախոս» ժողովածուն: Միջնադարում Եզոպոսից թարգմանված 60 առակներից Վ. Այգեկցին իր ճառերի մեջ փոխադրել է 13-ը, դրանց աշխարհիկ բարոյախոսությունը փոխարինելով հոգեշահ խրատներով:

Վ. Այգեկցու ինքնուրույն առակները 30-ից ավելի են: Հետագայում դրանք շարունակ բազմացվել ու ճոխացվել են, ընդգրկելով նորանոր առակներ, զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ, վեր են ածվել հսկայածավալ առակագրքերի, որոնց մեջ առակների թիվը հասել է մի քանի հարյուրի: Մեծ խմբավորումներից մեկն ստացել է «Աղվեսագիրք» անվանումը: Այստեղ գործող անձերը մարդիկ են՝ իրենց ծաղրվող թերություններով ու դրվատվող առաքինություններով, կամ կենդանիներ, թռչուններ: Նշենք այդ առակներից մի քանիսը՝ «Հնարք սատանայի», «Գինի», «Կար մի մեղր պատճառ պատերազմի», «Լեզուանի կին», «Պղպղայ», «Տանպատեցի ջուլհակ» և այլն:

0 0 939 Май 12, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում