Վարդան Այգեկցի — Առակներ

Վարդան Այգեկցի — Առակներ

Այրի կինը և իր որդին

Մի այրի կին ուներ տաս այծ և մի որդի: Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց.
-Որդի՛, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի:
Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը:
-Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար:
Որդին ասաց.
-Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը:

Առյուծն ու աղվեսը

Մի առյուծ կորյուն ծնեց: Հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսը եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ, առյուծին նախատեց բարձրաձայն ու անարգեց, թե ա՞յդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ:
Առյուծը հանդարտաբար պատասխանեց.
-Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես:

Առյուծը, գայլը և աղվեսը

Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց. -Ո՛վ թագավոր, Աստված արդեն բաժանել է. խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին: Առյուծը բարկանալով` ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառն լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց.
-Ո՛վ թագավոր, Աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին, գառը քեզ՝ ընթրիքին:
Եվ առյուծն ասաց.
-Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել:
Աղվեսն ասաց.
— Ինձ սովորեցրին գալի աչքերը, որ դուրս թռան:

Վարդան Այգեկցի

XII-XIII դարերի ականավոր գործիչ, քարոզիչ-առակաբան: Համաձայն իր իսկ հիշատակարանների, ծնվել է Ասորիքի Դլուք (Տլուք) գավառի հայաբնակ Մարաթա գյուղում: 1210թ. հաստատվել է Այգեկ վանքում: Այստեղ է գրել 22 ճառեը, խրատական թղթերը և այլ գրություններ: Խրատներից մեկը գրված է 1229թ.: Թե դրանից հետո որքան է ապրել` հայտնի չէ:

89 0 41868 Май 17, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում