Տոտո

Տոտո

Տոտոյի իսկական անունը շատ ավելի երկար է նրա բեմական հակիրճ կեղծանունից` նորին արքայական մեծություն Անտոնիո Ֆլավիո Ֆոկաս Նեպոմուչենո դը Կուրտիս Գալյարդի դուքս Կոմնին Բյուզանդացի: Բայց Անտոնիո դը Կուրտիսը դերասանական կյանքում ընտրեց Տոտո անունը և իր բոլոր բարձր տիտղոսներից գերադասեց «ծիծաղի արքա» տիտղոսը:

Նա ծնվել է 1898թ. և արվեստում առաջին քայլերն արել 17 տարեկանում, Նեապոլի էստրադային փոքրիկ թատրոններում: 1917թ. տեղափոխվում է Հռոմ և «Յովինելլի» թատրոնում սկսում հանդես գալ նմանակումներով ու երգերով: 1933թ. Տոտոն դառնում է «կապոկոմիկո», այսինքն` էստրադային խմբի ծրագրի «մեխ», թատերախումբ, որ հանդես էր գալիս մեծ կինոթատրոններում, սեանսներից առաջ: Տոտոն առաջինն էր, որ ֆաշիստական Իտալիայում բեմ հանեց քաղաքական սատիրան` բողոքելով ֆաշիստ պարագլուխների ինքնագոհ բթությունից և էժան դեմագոգիայից: Հանդիսատեսը նրան ընդունում էր ծափողջույնների որոտով:

Վարիետեում և ռևյուում Տոտոն աշխատեց մինչև 1949թ., իսկ հետո նրան լիովին կլանեց կինոն, որտեղ կայացավ մեծ կատակերգուի «հանդիպումը» նեոռեալիզմի հետ` 1950-ին` «Նեապոլը միլիոնատերերի քաղաք», 1951-ին` «Ոստիկաններ և գողեր» ֆիլմերում: 1952-ին նկարահանվեց «Որտե՞ղ է ազատությունը», 1954-ին` «Նեապոլի ոսկին», 1957-ին` «Օրենքն օրենք է», 1966-ին` «Թռչուններ մեծ ու փոքր», 1967-ին` «Սուրբ Յանուար օպերացիան» կինոնկարներում, նաև` բազմաթիվ ֆիլմ-ֆարսերում, ֆիլմ-վոդևիլներում, արկածային ու երաժշտական կինոկատակերգություններում: «Խոշոր դերասան է նա, — Տոտոյի մասին ասել է ռեժիսոր Պազոլինին, — ճշտորոշ, կատարյալ դերասան: Աշխատել նրա հետ նույնն է, թե ջութակահարը նվագի Ստրադիվարիուսի ջութակով»:

0 0 591 Сентябрь 12, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում