Լուի դը Ֆյունես

Լուի դը Ֆյունես

Ծնվել է 1914թ. հուլիսի 31-ին, Ֆրանսիայում:
Մինչև 1941թ., երբ դը Ֆյունեսը որոշեց դերասան դառնալ` ընդունվելով հատուկ դասընթացներ, եղել է մորթեգործ, հաշվետար, դեկորատոր, հանդես է եկել կաբարեում, փոքր դերեր խաղացել թատրոնում, բայց այդ ամենը ոչ փող է բերել նրան, ոչ հաջողություն: Նա դեռ պետք է առանձին դրվագներով հանդես գար 75 ֆիլմում, մինչև որ գլխավոր դեր առաջարկեին կինոյում, ապա և` թատրոնում:

Կինեմատոգրաֆ Ֆյունեսը մուտք գործեց 1945թ. «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմով: Սակայն բախտը երկար ժամանակ անբարեհամբույր էր նրա նկատմամբ. նրան իրոք նկատեցին ու գնահատեցին 1954թ. «Հայրիկը, մայրիկը, աղախինը և ես» կինոնկարից հետո: Եվ այն տարիքում, երբ արդեն երկու չափահաս որդի ուներ, շարունակում էր համարվել «հույսեր ներշնչող», «շնորհալի երտասարդ»:

Դադարելով սովորական անհաջողակ լինելուց կյանքում, նա գտավ իրեն` դառնալով ծիծաղաշարժ անհաջողակ մարդ էկրանին: Դա տեղի ունեցավ, երբ Ֆյունեսն արդեն 43 տարեկան էր և խաղաց «Բռնված չէ` գող չէ» ֆիլմում: Այսուհետ նա խաղում է կամ օրինազանց մարդու, կամ ոստիկանի դեր: Դերասանն իր առջև խնդիր է դնում` զվարճացնել, ծիծաղեցնել հանդիսատեսին` չդրդելով լուրջ խորհրդածությունների. «Ես զվարճություն եմ վաճառում առավոտվա իննից մինչև երեկոյան յոթը»: Եվ դա նրան հաջողվում է:

Հենց հայտնվում էր էկրանին` ձեռքերը խելահեղորեն շարժելով ու դեմքը զավեշտալի ծամածռելով, հանդիսասրահում պայթում էր քրքիջը: Հանդիսատեսն արդեն անհամբերությամբ էր սպասում Ֆյունեսի յուրաքանչյուր նոր ֆիլմին. «Ամերիկացի գեղուհին», «Սատանան և տասը պատվիրանները», «Սան Տրոպեզի ժանդարմը», «Ֆանտոմաս», «Բերանբացը», «Մեծ զբոսանք», «Դաջվածը»: Տաղանդավոր դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմը` «Ժանդարմն ու ժանդարմուհիները» էկրան բարձրացավ 1982թ.:

0 0 987 Июль 31, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում