Կարպ Խաչվանքյան

Կարպ Խաչվանքյան

Նրա համար տեղին է շեքսպիրյան բնութագրականը. «Մարդ էր, Հորացիո, ամեն բանով, էլ չեմ տեսնի նրա նմանին»…
Արտիստ էր՝ կատարյալ, նրա դեպքում ասել, թե ուներ ձայն և երաժշտական էր, գեղեցիկ էր՝ դեմքով ու կազմվածքով, ուներ դիմախաղ ու շարժ, կերպավորման մեծ վարպետ էր, նյութի տիրապետման ու մեկնաբանման ինքնատիպ գիտակ էր և այլն, և այլն, թվում է ոչինչ չասել Կարպ դերասանի, երգիծաբանի, մտավորականի, մեծ արվեստաբանի մասին…

Նա Կարպ Խաչվանքյանն էր, մարդ — թատրոն, մարդ — ծիծաղ, որին հանդիսատեսը սիրում էր այնպես, ինչպես, թվում է, չի կարող սիրել մեկ ուրիշին: «Կարպը մեզ համար անակնկալ է, անսպասելի գյուտ» , — ասողը Վարպետն է՝ Ավետիք Իսահակյանը: «Շատ տաղանդավոր դերասան է Կարպ Խաչվանքյանը:

Նա իր հերոսներին այնպիսի «շապիկ է հագցնում», որ նրանք դառնում են անշփոթելի և ավելի սիրելի», — սա նորին մեծություն Վահրամ Փափազյանի կարծիքն է: «Կարպ Խաչվանքյանը օժտված էր դերասանի վառ ու գունեղ տաղանդով և բենգալյան ճրագների պես հրավառություն հիշեցնող վերակերպավորման վարպետությամբ», — այսպես նկատել է մեծն Գոհար Գասպարյանը: Սակայն ինչու թվարկել: Նման բնութագրականներ, պակաս կամ ավելի գեղեցիկ ձևակերպումներով, կարելի է քաղել յուրաքանչյուր հանդիսատեսի սրտից, ով երբևէ տեսել է նրան բեմում, էկրանին:

Իբրև վիճակագրություն ասենք, որ Կ. Խաչվանքյանը (ծնվել է 1923թ. հունվարի 23-ին Թբիլիսիում) իր բեմական գործունեությունը սկսել է «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում (1939-1944թթ. կերտել է 11 կերպար), ապա տեղափոխվել է Երևան, «Հայֆիլմ» կինոստուդիայում կերտել 4 դեր, (սկսած 1949-ից), հեռուստաթատրոնում ունեցել 10 դերակատարում (1959-ից սկսած), մասնակցել 22 ռադիոբեմադրության, իսկ հիմնականում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Այստեղ 1944-1996թ.թ. ընթացքում խաղացել է շուրջ 100 դեր (մեծ մասը՝ գլխավոր), բեմադրել ավելի քան 10 ներկայացում: Եւ ամեն անգամ «բեմ բերել այն, ինչ ի ծնե իր էությունն է՝ ժպիտ ու խնդություն, որի մեծագույն պարգեւը դահլիճում պոռթկացող քրքիջն ու ծիծաղն է, հանդիսատեսի խանդավառ ծափահարությունը» (Ռուբեն Զարյան):

0 0 1075 Январь 23, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում