Հարցազրույց Համլետի հետ

Հարցազրույց Համլետի հետ

ՀԱՄԼԵՏ — Շեքսպիրի ամենաերկար (4042 տող)` «Համլետ» ողբերգության գլխավոր հերոսը:

-Բարեւ ձեզ, ճիշտն ասած չգիտեմ, ինչպես դիմել ձեզ, ոչ հայրանունը գիտեմ, ոչ ազգանունը, պրն. Համլետ լա՞վ է:
-Կարող եք ուղղակի Համլետ, ֆորմալ կողմերը չեն, որ պիտի այսքանից հետո հարց լուծեն:

-«Այսքան» որ ասում եք, ի՞նչը ի նկատի ունեք:
-Դե, էս ամենը, ինչը գլխիս եկավ: Քիչ բաներ եղա՞ն: Գործուղման մեջ ես, զանգում հայտնում են, թե հայրդ է մահացել, ամեն ինչ թողնում գալիս ես, ինչ-որ անորոշ վիճակներ ես զգում, բոլորը մեջքիդ հետեւում փսփսում են, մերդ հորեղբորդ հետ կապված ա, այդքանը հերիք չի, դեռ գիշերն էլ հորդ ուրվականն ա հայտնվում, ու այդպիսի լուր հայտնում, բա չգժվես, ի՞նչ լինես:

-Իրոք հավատում եք, թե իբր մեռած մարդու հոգին կարող է հայտնվե՞լ:
-Իյա, հո սուտ չե՞մ ասում: Հաստատ ինքն էր, ճիշտ ա, մի քիչ փոխվել էր վերջին տեսածիս վրա, բայց ձայնը, քայլվածքը, ձեռքի դաջվածքը իրանն էր, հաստատ:

-Հիմա ի՞նչ, պիտի անպայման վրեժ լուծե՞ք:
-Հաստատ խփելու եմ, մորս էլ, հորողբորս էլ վերացնելու եմ:

-Ձեր մասին Շեքսպիրը հետո գիրք գրեց, ահագին ֆիլմեր նկարահանեցին, տեղյա՞կ եք:
-Ո՞նց կարող եմ տեղյակ չլինել: Գիրքն էլ ահագին հետաքրքրությամբ կարդացի, վատը չէր, ահագին նոր բան իմացա ինքս իմ մասին: Ֆիլմերն էլ լավն էին, Լոուրենս Օլիվյեից բռնած` Սմոկտունովսկիով ու Գիբսոնով վերջացրած բոլորն էլ ինձ շատ լավ են հասկացել, կարծես, լիովին հոգուս մեջ էին մտել:

-Այդքան որ «լինել, թե չլինել» եք ասում, իրո՞ք կարող է նախապատվությունը տաք երկրորդին:
-Ճիշտը որ ասեմ, մինչեւ հիմա ես էլ լավ չեմ կողմնորոշվել: Երկուսն էլ իրենց դրական ու բացասական կողմերն ունեն: Ուղղակի «չլինելու» վատն էն ա, որ հանկարծ փոշմանեցիր` էլ հետ դառնալ չկա, այսինքն մինչեւ էդ քայլին գնալը պիտի լավ քցես-բռնես: Բայց մյուս կողմից էլ, էս «լինելը» պահերով շատ ա հոգնացնում:…

-Բայց գիտեք, որ էդ ձեր բառերից հետո շատերին հրահրել եք ինքնասպանության: Անցկացրած սոցիոլոգիական հարցումները պարզել են, որ «չլինելու» վրա կողմնորոշվողները շատացել են, մեղքի ձեր բաժինը չե՞ք զգում:
-Բայց ես ոչ մեկին կոչ չեմ արել ինձ հետեւել: Եթե իրենք ինչ որ անձնական կամ հոգեբանական պրոբլեմներ ունեն, թող գնան իրենց մեջ փնտրեն, լուծեն, ես հազիվ իմ հարցերով եմ զբաղված:

-Եվ վերջում մի կարեւոր հարց, որ վաղուց հետաքրքրում է մեր բոլոր հայրենակիցներին. դուք ձեր արմատների մասին հեչ չեք մտածե՞լ: Գիտեք, որ Համլետը հայկական անուն է, ինչքան մեծանուն հայեր կան, մտավորականներ, մշակույթի ականավոր գործիչներ` Համլետ Ղուշչյանը, Համլետ Գեւորգյանը, Հայաստան-Լեհաստան խաղը տեսած կլինեք, էն որ գոլը խփեց` Համլետ Մխիթարյանը, շատ այլ բազմատեսակ ու հետաքրքիր Համլետներ, բոլորը հայ են: Այդտեղից չի՞ կարելի ենթադրել, որ ձեր մեջ էլ հայկական արյուն կա:
-Ճիշտն ասած, արմատներիս մասին տեղեկություն չունեմ, գիտեմ որ դանիական հողի վրա եմ ծնվել, էս անտեր Դանիան էլ էնքան փակ երկիր ա, որ դժվար թէ դրսից շատերին թողներ, գային սերունդների հարցեր լուծեին: Բայց ձեր ասածը մտածելու տեղիք ա տալիս: Դե, մորս հետ համարյա կոնտակտ չունեմ, բայց որ հորս հոգին մյուս անգամ էլի գիշերով հայտնվի ցանկանա հետս կիսվել, մի հատ կհարցնեմ, կարող ա իրանից մի բան պարզվի:

Զրուցեց Լևոն Գևորգյանը

0 0 846 Май 20, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում