Չկայացած հարցազրույց Ջորջ Բուշ-կրտսերի հետ

Չկայացած հարցազրույց Ջորջ Բուշ-կրտսերի հետ

Վերջերս Վաշինգտոնում մեր սեփական թղթակցին վերջապես հաջողվեց «բռնացնել» ԱՄՆ նախկին նախագահին և ճեպազրույց ունենալ նրա հետ: Ջորջ Բուշ-կրտսերը թոռանը մանկապարտեզից ծեծելով տուն էր տանում:

 

 

 

 

ԵՍ ՏԵԽԱՍՑԻ  ՏՂԱ ԵՄ

— Պրն. Բուշ, կարելի՞ է Ձեզ մի երկու հարց տալ:
-Այ մարդ, չեն թողնում գոնե աշխատանքից դուրս ժամերին մի հատ հանգիստ շունչ քաշեմ, թոռանովս զբաղվեմ, գիտե՞ք թոռ ունենալն ինչ բա~ն ա, խելքս թոռներիս համար գնում ա:

-Դրա համար ե՞ք ծեծելով տուն տանում:
-Բա առանց ծեծի դաստիարակություն կլինի՞: Բա հենց մանուկ հասակից պիտի սկսես ճիշտ դաստիարակելը, հետո ուշ է լինում, հազար ու մի պրոբլեմներ ես ունենում: Ես դեռ երեխա էի, հասկացա, որ մարդուն խելք սովորեցնելու ամենաճիշտ ձևը պատիժն է: Հիշում եմ, հորականս ռանչոյում հավաքվում էին ողջ մեր գերդաստանով, մեծեր, երեխեք: Ես էլ դրան էի սպասում, փոքրերին հավաքում դաստիարակչական աշխատանքներ էի տանում, ով թույլ էր` չէր դիմանում, այդպես էլ հաշմանդամ մնաց: Ով ուժեղ էր, հետագայում մարդ դարձավ ու հասկացավ, որ ինձ է պարտական: Որովհետև կյանքի օրենքը դա է` ուժեղը պիտի հաղթի, թույլը խաղից դուրս գա:

-Եւ նման վարքագծով էլ Ջորջ Բուշ-կրտսերը դարձավ ԱՄՆ նախագահ: Դուք նույնն էլ անում էիք քաղաքականության մեջ:
-Լսեք, վե’րջ տվեք էդ «կրտսեր»-ին: Ուրեմն սաղ աշխարհը ոտքիս տակ էր, բոլորին պարտադրում էի իմ կամքը ու դրանից հետո էլ ինչ-որ «կրտսե՞ր»: Հասկացանք, հորս տղան եմ, իրան էլ շատ հարգում, ընդունում եմ, բայց ես կրտսեր լինել չեմ կարող:

-Էդ «ոտքիս տակ լինեն» լավ ասացիք, գտնում եք, որ իրոք, աշխարհը պիտի ձեր ոտքի տակ լինի՞:
-Իսկ ո՞ նց էիք կարծում, թողնենք, որ ով ինչ ուզի, անի՞: Հետո էլ աշխարհը դառնա անկառավարելի ու չիմանանք ո՞նց սանձերը քաշենք: Աշխարհում մի ճիշտ կա, դա մեր ճիշտն ա:

-Ի՞նչ կասեիք առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ձեր կարծիքով ո՞վ կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը:
-Պարզ չի՞ , որ մերոնք` հանրապետականներն են հաղթելու: Մեր Մաք Քեյնն ա լինելու, համ հանրապետական ա, այսինքն ամենաճիշտ կուսակցությունից, համ էլ շոտլանդացու արմատներ են, դե շոտլանդացիք էլ, գիտեք, ոնց որ ձեր ղարաբաղցիները` սարեցի, դուխով, կռիվ տվող, իրենցով անող ժողովուրդ են: Բա չէ, էդ էր մնում պակաս, որ մենք հանգիստ նստենք ու նայենք, թե ինչպես Ամերիկան պիտի ինչ որ սևամորթ կամ կին կառավարի, հա՞:

-Ոնց եք գնահատում Ռուսաստանի նոր նախագահին, փորձելո՞ւ եք իրեն էլ «ձեզնով անել»:
-Շատ ցավոտ հարց տվեցիք: Ռուսաստանից հենց հիշեցնում են, գլխացավսս բռնում ա: Ոչ Իրաք կամ Սերբիա ա, որ ինչ ուզես հետն անես, ոչ էլ կարողանում ենք «մեզնով անել»: Պուտինը պինդ տղա է, իմ նման, սիրում է իրեն աշխարհի տերերից զգալ…

-Հետևո՞ւմ եք Հայաստանի քաղաքական իրադարձություններին:
-Առանձնապես չեմ հետևում, միայն գիտեմ, որ ինչ-որ քաղաքական դեմքեր են հայտնվել ձեր երկրում ու սիրում են կրկնել թե` «ես ստեղի տղա եմ», «ես էլ ընդեղի տղա եմ»: Ես չգիտեմ, դրանք ինչ տեղեր են, բայց չմոռանանք, որ ես էլ տեխասցի տղա եմ: Գիտեք չէ, ինչ տեղ է Տեխասը, անգամ էն Քենեդու գլխին մեր մոտ ընենց սարքեցին, մինչև հիմա գլուխ չեն հանում, թե ո՞վ էր, ինչո՞ւ սպանեցին:

-Եւ վերջում, ի՞նչ մաղթանք կհղեք մեր ընթերցողին:
-Ես ձեր էդ հումորները չեմ հասկանում, լուրջ մարդ եմ, միայն մի բան կասեի` ուղղված բոլորին. խելքներդ գլուխներդ հավաքեք ու հիշեք, որ աշխարհում միայն մի ճիշտ կա, արդեն ասացի, որն ա դա……

Զրուցեց Լևոն Գևորգյանը

0 0 607 Сентябрь 25, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում