Քրիստիան Պինո — Պարմանի Գոնտրանի պատմությունը

Քրիստիան Պինո — Պարմանի Գոնտրանի պատմությունը

Այս աղջնակի անունը Կարոլին է և նա գրեթե ամեն օր կարմիր, բրդյա շրջազգեստ է հագնում: Թերևս հենց այդ պատճառով էլ հնում նրան Կարմիր գլխարկ են կոչել:
Իսկ այս պատանի գայլը, որ մոլորվել է անտառի և ժամանակի նորօրյա հատույթում, իր հայտնի նախնու հետնորդն է: Այն ահարկու նախնու, ով առանց աչքն իսկ թարթելու ու առանց ակնառու հանցանշանների` հաշված վայրկյանների ընթացքում «իրենով արեց» «հումանիտար օգնություն» տեղափոխող թոռնիկին ու նրա վտիտ, անկողնուն գամված տատիկին:
Ահա, այս երկուսի պատմությունն եմ ուզում ձեզ պատմել:
Եվ այսպես, կիրակնօրյա մի առավոտ, Կարոլինի մայրիկը իր մոտ կանչեց տիկնիկներով ինքնամոռաց խաղացող աղջկան և հրահանգեց.
— Ահա քեզ մի թաս յուղ և կարկանդակ: Սրանք կտանես անտառից այն կողմ ապրող տատիկիդ, բայց ճանապարհից չշեղվես, որ նախաճաշից չուշանաս:
Կարոլինը յուղն ու կարկանդակը տեղավորեց ծղոտե զամբյուղի մեջ ու ճանապարհ ընկավ: Աղջնակը ոչնչից չէր վախենում, քանի որ միանգամայն համոզված էր, որ գայլերը ծնողների հիվանդագին երևակայության արդյունքն են և որ ինքը` բազմիցս է անցել անտառամիջով` առանց որևէ տհաճ միջադեպի:
Պատանի գայլը, որին չգիտես ինչու, անտառային թռչունները «Գոնտրան» էին կոչում, իր հերթին էր ճանապարհ ընկել ու փոքր-ինչ շեղվել իր համար սովորական դարձած երթուղուց: Նոր ժամանակների հովերով տարված Գոնտրանն անասելի ձանձրացել էր դասականի միտող միօրինակությունից: Ու հենց դա էր սովոր ուղուց նրա շեղվելու պատճառը: Պատանի գայլը թշվառ ժամանակներին պատշաճող, իրեն անասելի ձանձրացրած հանրածանոթ կերակուրից էապես տարբերվող` նոր, համադամ սնունդ հայթայթելու համար էր հանդգնել հրաժարվել նախնիների ձևավորած «ավանդույթից»:
Ու ահա, անտառի մի արահետում Կարոլինն ու Գոնտրանը հանդիպեցին դեմ-հանդիման:
«Ինչ հոյակապ շուն է»,- մտածեց Կարոլինը, այդպես էլ չհամարձակվելով մոտենալ նրան ու մի լավ շոյել:
«Ինչ հոյակապ աղջիկ է, իսկը` գծապատկեր»,- մտածեց պատանի Գոնտրանը, այս բառերն օգտա•ործելով ոչ այն իմաստով, ինչ տղաները:
Նրանք սկսեցին զրուցել դեսից ու դենից, ու երբ բավականաչափ մտերմացել էին, Կարոլինը Գոնտրանին պարզեց իր զբոսանքի բուն նպատակը: Գոնտրանը հրճվանքի մեջ էր: Հանդիպման առաջին վայրկյաններին նա հազիվ զսպեց աղջկա վրա հարձակվելու ու նրան հոշոտելու բնազդային ցանկությունը: Դա շատ սովորական ու մաշված հնարք կլիներ: Դա կպատշաճեր շարքային, պարապ-սարապ այս ու այնտեղ թրև եկող, անիմաստ զվռնող, անտառի այս ու այն արահետում պպզած, սրա-նրա հետևից ռեպլիկներ նետող ավարա գայլերին, բայց ոչ Գոնտրանին: Եթե չեք մոռացել, նա իր համբավաշատ նախնու արժանի հետնորդն էր:
Եվ ահա, մի քանի դար անց, պատմությունը վերստին կրկնվում է: Դերակատարներն ու աշխարհագրական պայմաններն էլ նույնն են` կարմիր հագած մի աղջիկ, մի թաս յուղ, անտառից այն կողմ ապրող մի տատիկ ու մի անոթի գայլ: Ուղղակի, գաթան է փոխարինվել կարկանդակով, բայց դա հեչ, սթից բան է, մանրուք… Բացի դրանից` գայլն էլ թխվածք չի սիրում:
Գոնտրանն, այնուամենայնիվ, արժանի չէր լինի իր պանծալի նախնու հիշատակին, եթե ականջալուր չլիներ իր հոգու թելադրանքին` էսթետիկական քաղցը հնարավորինս արագ հագեցնելու անզուսպ պահանջին: Ու նա անվարան որոշեց կրկնել իր նախնու պատմական սխրանքը:
— Ես քեզ ստիպված եմ լքել,- ասաց նա Կարոլինին,- կիսատ մնացած գործեր ունեմ, իսկ օրերն այնքան կարճ են… Ես անչափ ուրախ եմ մեր ծանոթության համար և հուսով եմ` զգացողությունը փոխադարձ է… Ցավում եմ, բայց ես պիտի գնամ: Եթե Աստված կամեցավ, մենք նորից կհանդիպենք…
Դե, իհարկե, ծանոթության համար էր նա շատ ուրախ, բայց ոչ ամենևին այն պատճառով, ինչ տղաները…
Հրաժեշտից հետո նա ընտրեց անտառի միջով անցնող ամենակարճ ճանապարհը, և տատիկի տուն հասավ ավելի շուտ, քան Կարոլինը: Հասնելուն պես էլ քաշեց զանգի երկարուկ թելը:
— Տեսնես էս որ բռին է այսքան ուժգին քաշում զանգի թելից, հիմա կկտրի,- մտածեց տատիկը ու, իր կարծիքը բարձրաձայն արտահայտելու հաստատ մտադրությամբ շարժվեց դեպի դուռը:
Եվ ահա մենք ականատես ենք դառնում այս վաղնջական պատմության երկրորդ դրվագին: Դեմ-հանդիման հայտնվել են գայլն ու տատիկը:
Սակայն, ինչպես երեւի կռահեցիք, ժամանակները փոխվել են: Պատանի գայլը շատ մանկամիտ է ու իր հռչակավոր նախնու երբեմնի դաժանությունը չունի: Հակառակ դրան, Կարոլինի տատիկը` պահարան հիշեցնող աժդահա մի կին, պապենական իր թշնամուց` գայլից ավելի երկար ու սուր ժանիքներ և` աքցաններ հիշեցնող պինդ ու պիրկ ձեռքեր ունի: Ու երկուսն էլ հավասարապես խիզախ են:
Իսկ նույն այդ ընթացքում Կարոլինը հանգիստ զբոսնում էր անտառում` ըմբոշխնելով անտառի բացատում հայտնաբերած հյութեղ ու կարմրաթուշ ելակները: Սքանչելի ու խիստ գայթակղիչ ելակները վայելելու ցանկությանը դիմադրելը գրեթե անհնարին էր: Դա էր պատճառը, որ նա տատիկի տուն հասավ, երբ նախաճաշի ժամը վաղուց անցել ու յուղն էլ հալվել էր:
Հանգիստ ու անվրդով, նախաճաշը վայելող տատիկը, սովորականի նման ջերմորեն դիմավորեց իր միակ թոռնիկին:
— Դու փոքր-ինչ ուշացար, Կարոլին, և ես հարկադրված էի ճաշը պատրաստել սագի յուղով, որը դժվարամարս է իմ ծեր ու զառամյալ ստամոքսի համար: Հոգ չէ, դրա փոխարեն ես մեծագույն հաճույքով կճաշակեմ քո բերած կարկանդակները: Չե՞ս նախաճաշի ինձ հետ:
— Օ~, ոչ, ես արդեն ուշացա, մայրիկը կանհանգստանա,- ասաց Կարոլինը:
— Այդ դեպքում շուտ տուն վերադարձիր — մայրիկիդ տար իմ տապակած մսի այս կտորը:
Կարոլինը ճանապարհ ընկավ տարօրինակ մի տպավորությամբ: Բծախնդիր տատիկը, որ մշտապես աչքի էր ընկնում իր կոկիկությամբ, այսօր փոքր-ինչ այլ տեսք ուներ. ճմռթված ու լաքապատ շրջազգեստը նրա մտքից դուրս չէին գալիս:
Անհանգստացած ուշանալու համար իրեն պատժելու հեռանկարից, Կարոլինն արագացրեց քայլերը: Իսկ անտառի արահետում նա Գոնտրանին այլևս չհանդիպեց, այն պարզ պատճառով, որ կարկանդակներից ազատված զամբյուղով նա տուն էր տանում պարմանի գայլի իրանի տապակած մի մասը…

Ֆրանսերենից թարգմանեց Նաիրա Գևորգյանը

Քրիստիան Պինո

Ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչ, ով մեկուկես տարի անցկացրել է Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում: Չարաբաստիկ այդ տարիների նկարագրությունը տեղ է գտել նրա «Ուղղակի ճշմարտություն» հուշագրությունների գրքում: Պինոն հեքիաթների ժողովածուների եւ մի քանի վեպերի հեղինակ է: Հեքիաթների վերամշակման միջոցով Պինոն դրանք արդիականացնելով` հանրածանոթ հեքիաթներին հաղորդել է խորհրդանշական նոր իմաստ ու նշանակություն: «Պարմանի Գոնտրանի կամ պատանի գայլի պատմությունը» հեքիաթը Պինոյի` 1954 թ. հրատարակած «Փետուրիկներն ու Սաղմոնը» ժողովածուից է:

0 0 1549 Май 27, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում