Բուրվիլ

Բուրվիլ

Բուրվիլն այն գյուղի անունն է, ուր 1917թ. հուլիսի 27-ին ծնվել է Անդրե Ռեմբուրը:
Մինչև դերասան դառնալը, ինչի մասին երբեք էլ առանձնապես չի երազել, անցել է բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Քաղաք գալով` նախ ծառայության է անցել հացավաճառի մոտ, ում շնորհիվ նոտային գրագիտություն է սովորում, ինքնուրույն տիրապետում է շեփորին ու ակորդեոնին: Շուտով նրան ընդունում են նվագախումբ: Այնուհետև դառնում է ջրմուղագործ, կոշիկ մաքրող:

Հետո զորակոչվում է բանակ, զորացրվելուց հետո մասնակցում է մի շարք էստրադային մրցույթների, նույնիսկ դառնում դրանցից մեկի դափնեկիր: Եվ, վերջապես, 1941թ. կնքում է իր առաջին պայմանագիրը որպես էստրադային մենակատար: Բուրվիլը նախ էստրադա, ապա և էկրան բերեց անճարտար, հիմարավուն կերպարանքով ֆրանսիացի գյուղացուն, ում վրա կարելի է ծիծաղել, բայց ոչ ոք իրավունք չունի ծաղրելու նրան:

Կեղծանվան ընտրությունը պատահական չէր. արվեստում ապրած ողջ կյանքի ընթացքում այն դերասանին հիշեցրել է իր ծագման, իր արմատների մասին: 1947թ. նրան առաջարկվեց խաղալ գեղջուկ Լեոն Մենարի դերը «Այնքան էլ հիմար չէ» ֆիլմում, որը աղմկալի հաջողություն ունեցավ: Մենարի մասին շարքը շարունակվեց «Ձյան պես մաքուր», «Սիրտը ձեռքի վրա» ֆիլմերով: Վերջինում Բուրվիլը հնարավորություն ունեցավ դրսևորելու կրկեսի դերասանի իր տաղանդը:

Բուրվիլը հայտնի է նաև իր սատիրական պերսոնաժներով «Մեծ գանձարկղ», «Աշխարհի ամբողջ ոսկին», «Ուժասպառ մարդը կամ քաղաքային կյանքի հաճույքներ», «Տարօրինակ ծխականը» ֆիլմերից: Հետագայում Բուրվիլին ավելի հաճախ առաջարկում են հանդես գալ լուրջ ֆիլմերում` «Փարիզի միջով», «Թշվառները»,»Նոել Ֆորտյունա», «Ծանրակշիռ ապացույցներ»:
«Երեք հրացանակիրներ», «Սապատավորը», «Կապիտանը» ֆիլմերում Բուրվիլն անձնավորում է հիմարավում կամ խորամանկ ծառաների, բայց այդուհանդերձ չի հեռանում իր նկարագրից: Նրա հերոսը մնում է նորմանդացի նույն գյուղացին` բնական հնարամտությամբ ու ժողովրդական հումորով: Անսահման տաղանդավոր Բուրվիլը եղավ ու մնում է ֆրանսիական կինոկատակերգության «տխուր ծաղրածուն»:

0 0 660 Июль 27, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում