Անեկդոտի անթոլոգիա

Յուրաքանչյուր ժողովրդի շատ հեռավոր անցյալում, երբ դեռ գոյություն չուներ գրավոր խոսքը, գտնվում է այդ ժողովրդի բանահյուսության աղբյուրը: Բանահյուսության մեջ բազմակողմանիորեն արտահայտվում էին ժողովուրդների հույսերն ու ձգտումները, բարոյական նորմերը, գեղագիտական հայացքներն ու գաղափարախոսությունը:Ասում են անեկդոտն էլ ծնվել է մարդկային քաղաքակրթության այգաբացին, գուցեև ավելի շուտ, և այդ ժամանակից մարդկությունը ծիծաղել է ու գոյատևել: Ամերիկացի ֆանտաստ Այզեկ Ազիմովը գտնում էր, որ անեկդոտները ներմուծվում են Երկիր այլմոլորակային քաղաքակրթություններից: Այս եզրակացությունը գերխելոք երևալու ցանկությունից է: Անեկդոտները, որպես կանոն, ծնվում են ոչ լավ հոգևոր և բարոյական հասարակական կյանքից, նրա խառնիխուռն, քաոսային վիճակից: Հակառակը՝ բացառություն է:

Անեկդոտը փոքրածավալ ժողովրդական ստեղծագործություն է, որի հիմնական մասը սրամտությունն է, մարտական տրամադրությունը հասարակական կյանքի կամ առանձին անհատների բացասական կողմերի նկատմամբ: «Գրական արտահայտությունների բառարանում» անեկդոտը (հունարեն՝ «anecdotos») բացատրվում է որպես կարճ բանավոր պատմվածք՝ սրամիտ ավարտով: Ժողովրդական անեկդոտների գործողությունների կենտրոնում միշտ գտնվում է ժողովրդից դուրս եկած կերպարը: Անեկդոտները կարող են ունենալ երգիծական (սատիրա) և կատակային նրբերանգ: Հնագույն «անեկդոտային ձևերը» (բառախաղ, կալամբուր) հեշտությամբ հարմարվում են ցանկացած առօրյա բովանդակության: Շատ անեկդոտներ, պատմված լինելով վաղ ժամանակների երևույթների ու դեպքերի մասին, այժմ էլ գերում են իրենց սրամտությամբ ու կերպարների ստեղծման վարպետությամբ:

Անեկդոտի գեղարվեստական ձևը բնութագրվում է պարզությամբ և ամբողջական կառուցվածքով: Պատմությունը սկսվում է առանց նախերգանքի, հիմնական բովանդակային գիծը սովորաբար չունի երկրորդական ճյուղավորումներ և մանրամասներ, չի պարունակում տեղի, ժամանակի կամ գործող անձանց բնութագրեր: Հաճախ այն իրենից ներկայացնում է կարճ ու բովանդակալից երկխոսություն, որից պարզ է դառնում դրականն ու բացասականը, նրանց միջև բախման ու հակամարտության էությունը: Անեկդոտի ավարտը անսպասելի հանգուցալուծումն է: Ոչ մի լրացում կամ բացատրություն: Թեմայից կախված, անեկդոտում օգտագործվում են կամ բարեհոգի հումոր՝ կոմիկական կամ անսովոր իրավիճակի կապակցությամբ, կամ քիչ թե շատ կծու հեգնանք՝ չմտածված, պայմաններին չհամապատասխանող արարքների նկատմամաբ, կամ էլ սուր երգիծանք: Առաջին անգամ անեկդոտ բառը որպես տերմին օգտագործվել է Բյուզանդիայում Պրոկոֆիոս Կեսարացու «Գաղտնի պատմություն»-ում (VII դ.):

Մի ժամանակ անեկդոտներին էին վերագրվում կարճ բանավոր պատմությունները. ֆաբլիոն ու ֆացետին՝ Իտալիայում, ժողովրդական կենցաղային հեքիաթները՝ Ռուսաստանում: Անեկդոտը, որպես փոքրիկ նովել, կարող է զարգանալ հենց նովելի մեջ (Ջ. Բոկաչո, Ա. Չեխով): 20-րդ դարում անեկդոտի վարպետ կարելի է համարել Բ. Բրեխտին, Ֆ. Վայսկոպֆին: Բոլոր դասագրքերում ասվում է, որ երգիծանքը (սատիրան) ծաղկում է բացառապես հասարակական կյանքում ճգնաժամերի, կատակլիզմների, բեկումների ընթացքում: Քաղաքական բժշկության համար միայն խելքը քիչ է: Անհրաժեշտ է հումոր, հեգնանք: Օրինակ, յուվինիլյան սատիրան մտրակում էր Հռոմը կայսրության անկման ժամանակ:

Մարդիկ կարող են մինչև վերջ չլսել երկար խրատական պատմությունները, իսկ անեկդոտը լսում են մինչև վերջ և միշտ հաճույքով: Այն ավելի հետաքրքիր է, երբ պատմվում է տեղին և որևէ առիթով: Եթե մարդը կարողանում է մեկ անեկդոտով արտահայտել այն միտքը, որ քննարկում էին բոլորը մի քանի ժամ, նա իսկական վարպետ է: Նկատել եք արդյոք, որ վերջերս կարծես պակասել են լավ անեկդոտները: Խայթը, կծվությունը բացկայում է, շատացել է գռեհկությունը: Բայց երբեմն հանդիպում են պատմություններ, որոնք այլ կերպ, քան անեկդոտ, չես անվանի:

Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու ազգերն ունեն իրենց անեկդոտները, որոնց թեման անսպառ է: Եվ յուրաքանչյուր ազգ ունի իրեն հատուկ վերաբերմունք տվյալ հարցադրման կան իրավիճակի նկատմամբ:
Խնդրեմ.

— անգլիացին ունի կին և սիրուհի, սիրում է կնոջը,
— ֆրանսիացին ունի կին և սիրուհի, սիրում է սիրուհուն,
— հրեան ունի կին և սիրուհի, սիրում է մայրիկին,
— ռուսն ունի կին և սիրուհի, սիրում է օղի:

Գոյություն ունի ազգային հակակրանքի հասկացողություն, որը պարտադիր չէ, որ պատերազմների հասցնի: Այն արտահայտվում է անեկդոտների՝ «քորոցի ծակոցների» միջոցով: Ֆրանսիացիներն, օրինակ, այնքան էլ չեն սիրում անգլիացիներին: Նրանք էլ նույն դրամով են հատուցում: Ուստի նրանց հումորի զգալի մասը վերաբերվում է հարևանին: Գլխավորը՝ ապացուցել իր ազգի առավելությունը: Սոցիալական և միջէթնիկական լարվածության աճի պայմաններում անեկդոտները «ներքին լարվածության լիցքաթափման լավ միջոց են», — ասում է հոգեբան Սուսաննա Հախվերդյանը: Ազգային անեկդոտն անպայման խաղարկում է թե՛ իր, թե՛ այլ ժողովուրդների մասին ձևավորված պատկերացումները (ռուսների անհոգությունը, ալարկոտությունը, օղի սիրելը, ուկրաինացիների ժլատությունը, խոզի ճարպի համար խենթանալը, և իհարկե, խմիչք (հորիլկա) սիրելը, վրացիների սիրառատությունն ու հարստությունը, հրեաների խելքը, խորամանկությունը և միշտ ճարպկորեն հարմարվելու ունակությունը): Մեծ ժողովրդականություն են վայելում անեկդոտները, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչները հայտնվում են նույն իրավիճակում, որից դուրս պրծնելու հնարքները ծիծաղ ու հիացմունք են առաջացնում: Օրինակ՝ կինը ժամանակ է անցկացնում սիրեկանի հետ, հանկարծ ներս է մտնում ամուսինը.

— Գերմանուհին նայում է ժամացույցին և հանդիմանում ամուսնուն.
— Հանս, դու ամբողջ 3 րոպե շուտ ես եկել:

— Ֆրանսուհին, իրեն չկորցնելով, հրում է սիրեկանին՝ ասելով.
-Պիեռ, մի փոքր կողմ քաշվիր, երեքով ավելի ուրախ կլինի:

— Հրեուհին, մի վայրկյան միայն կորցնելով ինքնատիրապետումը, զարմացած ասում է.
— Իսահակ, դու՞ ես: Իսկ ո՞վ էր պառկած անկողնում, իմ կողքին:

— Ռուս կինն անմիջապես ծնկի է գալիս և հուսահատ գոռում.
-Պետյա, սիրելի՛ս, միայն ոչ մռութիս, վաղը աշխատանքի եմ գնալու:

Վերջում նշեմ, որ ծիծաղը ամենագործուն հակասթրեսային թերապիան է: Հոգեբանները գտնում են, որ պարբերաբար ծիծաղելու դեպքում երբեք և ոչնչով չես հիվանդանա: Սիրտն ավելի ռիթմիկ է աշխատում, լավանում է արյան շրջանառությունը և օրգանիզմին թթվածնի մատակարարումը: Ուժեղանում է նույնիսկ իմունային համակարգը, իջնում է արյան ճնշումը: Եվ ամենակարևորը, ծիծաղն «արտադրում» է այսպես կոչված «երջանկության» հորմոն, ինչի արդյունքում տրամադրությունն անմիջապես բարձրանում է: Իսկական անեկդոտը… Սակայն ինչու՞ բացատրել: Կարդացեք:

Լև Օգանեզով