Չկայացած հարցազրույց

Արխիվ

Ինչո՞ւ բարկացավ Սպարտակը

Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 120թ., ծննդավայրը` Սանդանսկի, Բուլղարիա - զոհվել է մ.թ.ա 71թ. Հարավային Իտալիայում` Սիլարի գետի ափին: Հռոմեացիների կողմից ստրկության է վերցվել, իսկ ազատություն ստանալուց հետո մ.թ.ա. 73-70 թթ. գլխավորել է ստրուկների ապստամբությունը: Նրա բանակը` բաղկացած փախուստի մեջ գտնվող գլադիատորներից ու ստրուկներից, մի շարք մարտերում ջախջախել է հռոմեական լեգեոնները, իսկ այդ իրադարձությունները պատմության մեջ կոչվում են Սպարտակի ապստամբություն:

- Պրն. Սպարտակ, ողջ աշխարհը ուշադրությամբ հետևում է ձեր համաժողովրդական շարժմանը: Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
-Ի~նչ ասեմ, չորս կողմն անարդարություն ա: Առավոտով, մարշրուտկով, էն կատաղած խցանումների միջով հազիվ հասնում ես գործի, ուշացար` շեֆերդ փողիցդ արդեն պահեցին, ներվերդ արդեն խախտվեց, ամբողջ օրը լարված, սթրեսի մեջ աշխատում ես, ինչ աշխատես, մեկ ա` էնքան տոկոս ես տալիս իրանց, որ քեզ բան չի մնում:
Էդքանը հլա հեչ, իրիկուններն էլ գործից հետո պահում էին, իրանք աղջիկներով գալիս նստում ուտում-խմում էին, մենք էլ իրանց համար թրերն առած մեր աշխատակազմով իրար փոր էինք թափում, որ իրանց ուրախացնեինք: Ընդ որում, մեռար` քո պրոբլեմն ա: Մի խոսքով` իմ վիճակը պատկերացրեք` ես կռված տղեքից եմ եղել, հարգանք-պատիվ եմ ունեցել, օբյեկտ, ու էդ ամեն ինչից հետո` ըսենց վիճակի մեջ հայտնվես:

-Իսկ որոնք՞ էին Ձեր այս կտրուկ գործողությունների կոնկրետ դրդապատճառները:
-Դե էդ օրն էլ, առավոտը մտա խոհանոց, գիտեի որ բորշ ա լինելու, իմ խելքն էլ բորշի համար գնում ա, կյանքումս երկու սրբություն գիտեմ` հայրենիքն ու բորշը, ասի մտնեմ, գոնե մի քիչ ձրի հոտ քաշեմ, մեկ էլ, լուսամուտից նայեմ տեսնեմ` մի աղջիկ կար իրանց օֆիսում, հետը խոսում էի, դրան էս մեր շեֆերի ընկերները մաշնով տանում են, մանթրաժ կանգնած լուսամուտից նայում-մտածում եմ` "ոնց որ խելոք աղջիկ էր երևում, լավ, բա հիմա հեչ մաքրություն չի մնացե՞լ, ոչ մեկի դավերյա չես կարա՞ անես": Մեկ էլ շեֆն ա գալիս, թե "արա, էս գործի ժամին փոխանակ աշխատես, կայնել լուսամուտից դուրս ե՞ս նայում, ես պիտի՞ քո փոխարեն աշխատեմ, էդ պրիբորդ էլ որ միացրած թողել, ֆռֆռում ես, հոսանքի փողը դու ե՞ս տալու, գիտե՞ս, թե քո տեղի համար ինչքան եմ նալոգ տալի, պենսիոնի տալի, դրա կեսն էլ չես աշխատում: Հերիք չի՞ գլխիս նստեք": Մի երկու բան էլ էդ ընկերուհուս հասցեին ասեց, ըտեղ էլ չդիմացա, վերցրի սրա գլուխն ուղիղ են եռման բորշի մեջ, էնքան պահեցի, մինչև համ վռվեց, համ խեղդվեց, ըտենց էլ չիմացա` կոնկրետ ինչից մեռավ:
Հիմա մտածում եմ, "էդ բորշն էլ կուտվի՞", ընենց էլ տրամադրվել էի առավոտից, սև հացը, բողկը առել, առանձին բարձիս կողքը պահել էի: Որ տեսա արդեն կյանքում էլ բան չունեմ կորցնելու, մի բորշն էր, էդ էլ արդեն մարդ հանգիստ սրտով չի կարում ուտի, ասի դե գոնե ապստամբություն սկսեմ, մի բանով գոնե պիտի զբաղվես, թե՞ չէ, մանավանդ տղեքն էլ պատրաստ կողքս կանգնած էին: Սաղ մեր ղեկավարությանը սրի քաշեցինք, օֆիսում քարը-քարի չթողեցինք: Հետո արդեն քաղաքով, հետո էլ` երկրով մեկ:

-Ինչպես՞ եք գնահատում ձեր շանսերը, ովքեր՞ են ձեր համախոհները, և ովքեր են, ըստ ձեզ, կազմում ձեր ընտրազանգվածը:
-Օրեցօր մեր շարքերը համալրվում են, հիմնականում` սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ, միայնակ կանայք, կենսաթոշակառուներ, ինչու չէ` քրեական հեղինակություններ, նրանք էլ իրենց մակարդակով են հարցեր լուծում, ասեմ` մեր դռները բաց են բոլորի համար: Սոցիոլոգիական հարցումներն էլ ցույց են տալիս, որ մենք մեր վարկանիշով հիմա առաջին տեղում ենք…

-Լավ, իսկ որն՞ է ձեր նպատակը, ինչի՞ համար եք պայքարում:
-Մեր նպատակը շատ հստակ է. նախ մեր երկիրն ազատել շահագործողներից ու ստեղծել ժողովրդի իշխանություն, հաջորդ քայլը` միջազգային չափանիշներին համապատասխանող ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացում, ինչը վերջին ժամանակներս գիտեք` մեր երկրում ինչ-որ չի հաջողվում, թող դրսից դիտորդներ էլ գան, թող ԿԸՀ-ի անդամներին էլ ժողովուրդն ընտրի: Ժողովուրդը թող գա, ընտրի: Պարզ ա՞, չէ, թե ո՞վ ա նախագահ դառնալու, ժողովուրդն ինձ համ սիրում-հարգում ա, համ էլ արդեն սկսել ա վախենալ, ընտրի` լավ, չընտրի` կստիպենք, բա էսքան փող ա ներդրվել էս ամեն ինչի մեջ, որ իշխանությունն ուրիշին տ…ա՞նք:

-Շնորհակալություն, որ ժամանակ գտաք հարցազրույցի համար:
-Հարց չկա, դուք էլ լավ մնացեք, տեսեք, թե բան-ման պետք լինի, ըստեղ եմ…:

Զրուցեց ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ