ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր: Ծնվել է Թբիլիսիում` զինվորականի ընտանիքում: Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1966-ին հաստատվել են Երևանում, նույն տարում ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա ու Երևանի դրամատիկական թատրոն: Բեմում մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, նկարահանվել է մի քանի ֆիլմերում: 1991-ից ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում:

-Սիրո՞ւմ եք կատակել:
-Առանց հումորի շատ դժվար է ապրել:

-Ի՞նչ կասեք հումորի զգացում չունեցող մարդկանց մասին:
-Տխրում եմ նրանց տեսնելիս եւ խղճում:

-Մարդկանց հոգու հետ «խաղալ» սիրո՞ւմ եք:
-Հազվադեպ, բայց առանց դիմացինին վիրվորելու եւ ցավ պատճառելու:

-Լա՞վ է ճանաչված լինելը:
-Ե’ւ այո, ե’ւ ոչ:

-Անեկդոտ լսե՞լ եք սիրում, թե՞ պատմել:
-Պատմել չեմ սիրում եմ, իսկ լսել շատ եմ սիրում:

— Ինչպե՞ս եք 13 թվի հետ. սիրո՞ւմ եք, «չունե՞ք» նրա հետ:
— Ոչ հա, ոչ` չէ: Սիրում եմ որդուս` Հրաչյայի սիրած թիվը` 7-ը:

-Հավատո՞ւմ եք «աչքով տալուն»:
-Անպայման, նույնիսկ ես ինձ աչքով եմ տալիս:

-Խանդո՞տ եք:
-Այն էլ ի~նչ ձևի:

-Ընկերների ընտրության հարցում երբևէ սխալվե՞լ եք:
-Ցավոք, այո:

-Ի՞նչ են բամբասանքը, ասեկոսեները:
-Կյանքի ընթացքը խանգարող հանգամանք:

-Բարի նախանձ լինո՞ւմ է:
-Չեմ կարծում, նախանձը տեղով չարիք է:

— Երբևէ Ձեզ դիմե՞լ են Ձեր մարմնավորած հերոսուհու անունով:
-Ես մի դերով չեմ ճանաչվել: Ինձ միշտ դիմել են իմ անունով:

-Հիշաչա՞ր եք:
-Երբեք, որը վնաս է ինձ համար, օգուտ` շրջապատին:

-Ունե՞ք թալիսման:
— Ունենում եմ, և տարբեր ժամանակներում փոխվում են իմ թալիսմանները:

— Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:
— Հավատարմությունը:

— Ի՞նչը չեք ների երբեք:
— Չնայած ներողամիտ եմ, բայց չեմ ների կեղծությունը, չարությունը, շողոքորթությունը:

— Դրական հերոսուհո՞ւն է հեշտ մարմնավորե՞լ, թե՞ բացասական:
-Բացասական հերոսուհու դեր չեմ խաղացել:

-Ի՞նչ է գոռոզությունը:
-Դա հատուկ է ապաշնորհ, իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց:

-Ի՞նչ կանեք, եթե ունենաք կախարդական փայտիկ:
-Ինչքան սոված մարդ կա` կկշտացնեմ, կարիքավորներին կօգնեմ, չար, կեղտոտ մարդկանց կվերացնեմ:

-Պաշտոնը կարո՞ղ է փոխել մարդուն:
-Նորմալ մարդուն չի փոխի երբեք:

— Հետևո՞ւմ եք նորաձևությանը:
-Խանութ մտնել չեմ սիրում:

— Սիրո՞ւմ եք մեքենա վարել:
-Վարում էի, հիմա` չէ: Տասը տարի վարել եմ և հիմնականում` ֆրիվեյներով:

— Ո՞ր տոնն եք շատ սիրում:
-Նոր տարին և Քրիստոսի ծննդյան տոնը:

-Որևէ զավեշտական դեպք կարո՞ղ եք հիշել:
-Անուշ էի խաղում, խելագարության տեսարանով այնքան էի ոգևորված, որ բեմից վայր ընկա (բավականին բարձր էր): Դահլիճում վախի բացականչություններ լսեցի, երևի շատերն էլ կարծել էին, որ այդպես պիտի լիներ: Մի փոքր կենտրոնանալուց հետո ցատկեցի բեմ և շարունակեցի խաղս: Ներկայացման ավարտից հետո, երբ դահլիճը դատարկվեց, մոտեցա բեմահարթակին և փորձեցի կրկնել իմ թռիչքը դեպի բեմ, բայց ոչ մի կերպ չստացվեց: Հասկացա, որ արվեստի զորությունն էր ինձ ուժ տվել: Դրանից հետո, երկար ժամանակ կապտուկներս չէին անցնում:

Հարցազրույցը վարեց` ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 0 3130 Апрель 18, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում