ՍԼԱՎՈՄԻՐ ՄՐՈԺԵԿ

ՍԼԱՎՈՄԻՐ ՄՐՈԺԵԿ

Լեհ արձակագիր, դրամատուրգ, նկարիչ: Ծնվել է 1930թ. հունիսի 29-ին Բոժենչին գյուղում: Ճարտարապետություն ուսումնասիրելուն զուգահեռ այցելել է նաեւ Կրակովի Գեղարվեստի ակադեմիա: Առաջին ֆելիետոներն ու հումորեսկները լույս են տեսել 1950-ին: 1963-ից որպես էմիգրանտ ապրել է Իտալիայում եւ Ֆրանսիայում, 1990-ից` Մեքսիկայում:1998-ին վերադարձել է Լեհաստան: 20-րդ դարի ամենահանրաճանաչ դրամատուրգներից է:

 

ՎԵՐԵԼԱԿԸ

Կանչեց մեզ տնօրենն ու ասաց.
— Ես հավաքել եմ ձեզ կարևոր գործով: Վերելակ ենք տեղադրելու:
Մենք սկզբում զարմացանք, քանի որ մեր հիմնարկն, ըստ էության, միայն մեկ հարկ ունի:
— Այժմեականացման խնդիր է դրված, — ասաց տնօրենը: Մենք չենք կարող դրանից խուսափել: Ես հենց դրա համար էլ կանչել եմ, որպեսզի միասնաբար մտորենք, թե ինչպես պիտի կատարենք առաջադրանքը:
Խորհրդակցեցինք, խորհրդակցեցինք, վերջապես եկանք այն եզրակացության, որ միայն մեկ տարբերակ կա. վերելակ մտնել նկուղում, իսկ դուրս գալ ձեղնահարկում և ընդհակառակը: Ճիշտ է, դրա համար բավական ճանապարհ էր պետք կտրել աստիճաններով, բայց այլ ելք չկար:
Բրիգադը եկավ, և, ինչպես նախանշված էր, վերելակը տեղադրեց:
Վարձվել էր երկու վերելակավար: Մեկը վերուվարում էր, իսկ մյուսը կանգնում առաջին հարկում և հետևում այն բանին, որ նստեն միայն ձեղնահարկում և իջնեն միայն նկուղ, վերելակով բարձրանան ձեղնահարկ և ոտքով իջնեն առաջին հարկ. կախված այն բանից, թե մարդը հիմնարկ էր մտում, թե` դուրս գնում:
Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ հրահանգ եկավ, թե վերելակի հարցում տնտեսելու նպատակով` կարելի է միայն վեր ելնել, իսկ վար իջնել` ոտքով: Դա որոշ դժվարություններ հարուցեց, որովհետև այժմ` հիմնարկից դուրս գալու համար ոչ միայն պետք էր ձեղնահարկ բարձրանալ, ինչպես առաջ էր, այլև, դրանից հետո, իջնել նկուղ: Իսկ այնուհետև` նկուղից առաջին հարկ` դեպի մուտքը:
Սակայն, ըստ երևույթին, այս կանոնակարգի դեպքում էլ վերելակը ծանրաբեռնված էր: Բայց ո՞վ իրավունք ունի թեթևամտորեն փչացնելու սարքավորումը: Այդ պատճառով, ի հավելումն նախորդ հրահանգի, եկավ նորը` վերելակից թույլատրվում էր օգտվել միայն բաժնի վարիչներին, հղի կանանց և հաշմանդամներին:
Քանի որ, հակառակի պես, մեր կանանցից ոչ մեկը չէր համապատասխանում վերոհիշյալ կարգավիճակին, իսկ հաշմանդամներ մեզ մոտ չկային` այնպես ստացվեց, որ վերելակից օգտվում էր միայն տնօրենը:
Եվ երբ վերելակը վերջնականապես փչացավ` բոլորը հանգստացան:
Վատն այն է, որ ելումուտի կարգն առաջվանը մնաց: Ոչ մի կերպ չենք կարողանում դրանից հրաժարվել. հպարտությունը թույլ չի տալիս:

Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

0 0 1137 Сентябрь 18, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում