ՌՈՄԵՈ ՄՈՆՏԵԿԻ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ ԿԱՊՈՒԼԵՏԻ

ՌՈՄԵՈ ՄՈՆՏԵԿԻ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ ԿԱՊՈՒԼԵՏԻ

Վիլյամ Շեքսպիրի պիեսի հիմքում Մոնտեկի և Կապուլետի ընտանիքների թշնամության պատմությունն է: Հարցազրույց միանգամից Ռոմեոյի ու Ջուլիետի հետ.  «Շատ կուզեինք Ծաղկաձորում հանգստանալ, բայց հնարավորություններս չեն ներում»…

 

 

-Այնքան դժվար է ձեր երկուսին իրարից առաձնացնելը, որ որոշեցինք միանգամից այսպես` դուէտ-հարցազրույց անցկացնել, դեմ չեք, չէ՞:
-(Երկուսը միասին) Իհարկե ոչ, մեզ իրոք, դժվար է իրարից անջատելը, մեր ծնողներն էլ փորձեցին, բայց տեսան, որ բան չի ստացվում:

-Այո, լսել եմ, որ վերջապես ձեր ծնողների մեջ ամեն ինչ հարթվել է, և շուտով պատրաստվում եք ամուսնանալ, անկեղծ ուրախ եմ դրա համար:
-Մեր վիճակը պատկերացնում եք, չէ՞: Ինչ է, թե ժամանակին մեր ծնողները ինչ-որ հարցեր չեն կարողացել պարզել, թշնամացել են, այդքան երկար տարիներ մենք պիտի տառապեինք:

-Իսկ կարելի է իմանալ, էդ ի՞նչ է եղել իրենց մեջ:
-Ռ. — Դե, ամենսովորական փողային հարցեր: Հայրս ապագա աներոջիցս պարտքով գումար էր վերցրել, թե գնամ Ավստրիա աշխատեմ, կվերադարձնեմ, հետո չէր ստացվել, իրեն էլ էին, ոնց որ ձեր մոտ են ասում` «քցել», աներ-հայրիկն էլ, քթի մազ, երկու կոպեկի համար խելքը իրենը չի, սաղ քաղաքով հորս խայտառակ արեց, հերս չներեց դա…
-Ջ. – Ի, էլի կպա՞ր հորս, բա որ ես ասեմ, թե հերդ ինչեր ա արել մերոնց գլխին, ասե՞մ, հա՞, ասե՞մ:…
-Ռ. – Լավ, աղջի, էլի լաչառ ձենդ քցիր, ձերոնք սխալ էին, վերջ, մեկ ա ասել եմ, ամուսնացանք թե չէ, հորանցդ մենակ Նոր տարիներին ես գնալու:

-Լավ, լավ, ձեր ընտանեկան վեճերը թողեք հետո, իսկ ոնց եղավ, որ վերջը հաշտվեցին:
-Ռ. — Դե էլի շատ պարզ, հերս հողամաս ուներ քաղաքից մի քիչ հեռու, գազը, ջուրը քաշած, երկրորդ հարկի պատերը արդեն կանգնացրած, հացի փուռը կողքը, ստիպված էժան ծախեց, հարցերը փակեց:

-Ձեր մասին անգամ գրել են, թե իբր «չկա ավելի տխուր պատմություն, քան Ռոմեոյինն ու Ջուլիետինն է»:
-Ռ. — Դե չգիտեք ժողովրդին, չափազանցնելու համար խելքներն իրենցը չէ:
-Ջ. – Չէ, բայց ինչու ես այդպես ասում, լավ էլ տխուր էր մեր վիճակը, ամեն ժամադրությանը հլա հիշի, ոնց էինք ծպտվում, միայն փակ բարերում էինք նստում, ամեն անգամ մտածում էի տանը ինչ պիտի ասեմ, հեշտ է՞ր, բա:

-Ձեր մասին անգամ հասցրին գիրք գրել, ըստ սյուժեի, դուք միասին պիտի ինքնասպան լինեիք:
-Ռ. — Այո պատկերացրեք, մենք դա էլ էինք որոշել, եթե չեն համաձայնվում, երկուսով պիտի այն աշխարհում հայտնվեինք, որ գոնե այնտեղ միասին երջանիկ լինեինք:

-Գիտեմ, որ հուլիսի 26-ին ձեր հարսանիքն է, իսկ ինչպես եք մտադիր անցկացնել ձեր հարսանյաց ճանապարհորդությունը, առավել եւս դիմացը օգոստոս է, բոլորը` պատգամավորից մինչև առրևտրի կետի աշխատող արձակուրդների մասին են մտածում:
-Ռ. — Ճիշտը որ ասենք, դեռ վերջնականապես չենք որոշել: Շատ էինք ցանկանում Հայաստան գալ, լսել էինք Սեւանի, Ջերմուկի, Ծաղկաձորի մասին, գիտեինք, որ համաշխարհային ստանդարտների առողջարաններ են, շատ էի ցանկանում Ջուլիկիս սյուրպրիզ անել, բայց երբ իմացանք գները, տնեցիքով նստեցինք հաշվեցինք, տեսանք, որ պիտի Վերոնայի մեր մի բնակարանը վաճառենք, որ կարողանանք Ծաղկաձորում ճոպանուղով երկու անգամ մինչեւ երրորդ կայան բարձրանալ: Զանգեցինք իմացանք, երբ մեր զարմանքն էինք արտահայտում, Հայաստանից մեզ պատասխանեցին. «Բա ի՞նչ եք ուզում, մեր ճոպանուղով ինքը` ՀՀ նախագահն է բարձրացել, բա պարզ չի, որ պիտի թանկ լինի»: Չգիտեմ, ձեզ մոտ ոնց է, բայց մեր Իտալիայում, եթե մի տեղ վարչապետն է լինում, դրանից գինը չի բարձրանում… Սեւանի համար էլ իմացանք, որ ափերն այքան են բարձացել, որ պետք է մագլցել ջրի մեջ մնացած ծառերի վրա ու այնտեղից թռնել ջուրը… Մի խոսքով, որոշեցինք ավելի համեստ` Ադրիատիկ ծովով բավարարվել, թող թեկուզ Վենետիկ կամ Խորվաթիա լինի, էլի վատ տեղեր չեն, կարելի է և ավելի հեռու` ասում են Կուբա կամ Դոմինիկյան հանրապետությունն էլ ոչինչ, չնայած բարքերը լրիվ ուրիշ են … Ջուլիետն էլ աստված տվել չի խնայել, շատ խանդոտ ա, փողոցով քայլում ենք, քիչ ա մնում աչքերս կապած ման գամ, պատկերացնում եմ Կուբայում կամ Խորվաթիայի նուդիստական լողափերում ինձ ինչեր են սպասվելու…
-Ջ. — Այլանդակի մեկը, ինչ մերոնք համաձայնությունը տվել են` շատ ես փոխվել: Էդ էր մնում պակաս իմ կողքին` ուրիշին հայացք գցես, զգում էի, որ փչացածի մեկն ես, ասա, թե մերոնց ինչի չլսեցի…:
-Ռ. – Ըհը, տեսա՞ք, ասում էի, չէ՞, սրա հետ անհնար ա ապրելը:

-Լավ, եկեք քանի դուք վերջնականապես չեք փոշմանել, ավարտեք մեր այս ուրախ զրույցը և մաղթենք ձեզ բուռն զգացմունքներով ամուսնական կյանք, որ ձեր մասին այսուհետ բոլորովին այլ սյուժեով գրքեր գրեն…

Զրուցեց Լևոն Գևորգյանը

0 0 1075 Сентябрь 19, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում