ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ

ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ

Շվեյցարացի ականավոր բանաստեղծ, գրող, գրել է գերմաներեն: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է  1898-ին Բեռնի «Der Bund» թերթի էջերում: Մոդեռնիստական  «Die Insel» ամսագրում նա  հրատարակել է բանաստեղծություններ ու պատմվածքներ:

 

 

 

«Գերեվարություն»

Կար-չկար մի բանաստեղծ, ով այնքան էր սիրահարված իր սենյակին, որ ամբողջ օրը նստում էր բազկաթոռին ու նայում պատերին, որոնք իր աչքի առջև էին: Նա այդ պատերից հավաքեց նկարները, որպեսզի որևէ ուշադրություն շեղող առարկա չխանգարեր իրեն և չգայթակղեր ինչ-որ բան զննելու, այդ փոքրիկ, անբարեհամբույր, կեղտաբծերով պատից բացի: Չասենք, թե իբր նա դիտավորյալ էր բնակատեղին ուսումնասիրում, հարկ է խոստովանել` անառիթ երազայնության կապանքների մեջ նա կենում էր առանց որևէ հետին մտքի, և հենց այն ժամանակ, երբ նրա տրամադրությունը ոչ ուրախ, ոչ առույգ, ոչ էլ մելամաղձոտ էր, այլ այնքան պաղ ու անտարբեր, ինչպիսին որ լինում է ցնորվածի մեջ: Այդ վիճակում նա երեք ամիս անցկացրեց, և այն օրը, երբ պիտի սկսվեր չորրորդը, այլևս չէր կարողանում տեղից վեր ելնել: Նա պինդ կպել էր: Դա անսովոր է, և պատմողի խոստումը, որ վստահեցնում էր, թե իսկույն կհետևի ավելի անսովոր մի բան, առավել անհավանական է թվում: Հենց այդ ժամանակ իր սենյակում մեր բանաստեղծին այցելեց նրա մի ընկերը և, հենց մտավ այնտեղ, ընկավ նույն վհատ կամ թե ծիծաղելի երազկոտության գիրկը, որով տարված էր առաջինը: Որոշ ժամանակ անց նույն դժբախտությունը պատահեց երրորդ բանաստեղծա- կամ վիպա-գրի հետ, ով եկել էր իր ընկերոջ հետևից. դժբախտություն, որի մեջ իրար ետևից ընկան վեց բանաստեղծներ, ովքեր բոլորը եկել էին, որ իմանան իրենց ընկերների մասին: Եվ հիմա յոթն էլ նստած են փոքրիկ, մթին, մռայլ, անբարեհամբույր, պաղ, տկլոր շինության մեջ, իսկ փողոցում ձյուն է տեղում: Նրանք սոսնձվել են իրենց աթոռներին, և թվում է, այլևս երբեք դուրս չեն գա զբոսնելու: Նրանք նստել ու նայում են, և ուրախ ծիծաղը` պարգևն այս պատմության համար, ի վիճակի չէ ազատելու նրանց տրտում գերությունից:

0 0 604 Май 19, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում