ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Ծնվել է 1938թ. հուլիսի 18-ին, Եգիպտոսում: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Հայաստանի երկրորդ հանրապետության մշակույթի առաջին նախարար: ՀՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հռոմի Արվեստների և հասարակական գիտությունների Թիբերինա ակադեմիայի պատվավոր անդամ: Նրա գրքերը թարգմանվել են 11 լեզուներով:

 

-Սիրո՞ւմ եք կատակով ասել լուրջ խոսքը:
-Այո, որովհետև խոսքն ավելի է լրջանում և ավելի շուտ է տեղ հասնում:

-Կարո՞ղ եք ընկերություն անել հումորի զգացումից զուրկ մարդու հետ:
— Բնավ, բայց, բարեբախտաբար, այդպիսի մտերիմ մարդկանց չեմ հանդիպում:

-Կատակել սիրո՞ւմ եք:
— Այո, անշուշտ, դա հեշտացնում է կյանքը:

-Անեկդոտ պատմե՞լն եք սիրում, թե՞ լսելը:
-Լսել եմ սիրում, քանի որ ոչ մի անեկդոտ չեմ հիշում, շատ շուտ մոռանում եմ:

-Ամեն մարդ ընդունա՞կ է անեկդոտ պատմել:
— Իհարկե ոչ, ամեն մարդ չի կարող: Մարդ կա, որ նույնիսկ համով անեկդոտը անհամ է պատմում, չի կարողանում ճիշտ մատուցել: Պատմելը հատուկ շնորհք է:

-Հավատո՞ւմ եք «աչքով տալուն»:
-Ցավոք, այո: Ես առհասարակ հավատում եմ այդպիսի բաների, չնայած չեմ ուզում հավատալ, բայց ինձանից անկախ, ստացվում է:

-Ունե՞ք հաջողակ թիվ:
-Դրանք երկուսն են` 13 և 21:

— Խանդո՞տ եք:
— Ոչ, խանդը ստորացնում, նսեմացնում է մարդուն:

-Ձեր ընկերների ընտրության հարցում չե՞ք սխալվել երբևէ:
-Անշուշտ սխալվել եմ: Սխալվել եմ թե՛ երիտասարդ, թե՛ այս պատկառելի տարիքում: Դա շատ մեծ հիասթափություն է, քանի որ էմոցիաները սխալ ուղղությամբ են գնացել:

-Հիշաչա՞ր եք:
-Չէի ասի հիշաչար եմ, բայց կան բաներ, հատկապես` դավաճանությունը, որ չեմ ներում: Չնայած չեմ սիրում չար բառը, բայցև չեմ ների ստորությունը:

-Ձեր գործերից որի՞ն եք տալիս նախապատվությունը:
-Բոլորին հավասար սիրում եմ, բայց «Արշակ թագավորը» ավելի շատ եմ սիրում:

-Կնոջ Ձեր իդեալը:
-Շատ դժվար է բանաձևել, երկու խոսքով ասել: Ինձ համար կնոջ իդեալը իմ` 44 տարվա կյանքի ընկերուհիս է` Լիլին:

-Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:
-Ազնվությունը, ազնվությունը և դարձյալ ազնվությունը:

-Խորհուրդներ տալ սիրո՞ւմ եք:
-Չէ, մեկը պետք է, որ ինձ խորհուրդ տա:

-Ձեզ երբևէ կոչե՞լ են «ախպար»:
— Պատահել է, բայց ես ընդամենը 10 տարեկան եմ եղել, որ եկել ենք Հայաստան, երևի մոռացել են, որ ախպարների շարքին եմ դասվում:

-Լա՞վ է ճանաչված լինելը:
-Իհարկե լավ է, քանի որ դա նշանակում է, որ քեզ ընդունում են, սիրում, հավանում են քո ստեղծագործությունները: Շատ լավ է և հաճելի ճանաչված լինելը: Քեզ շոյված ես զգում:

-Երազների հավատո՞ւմ եք:
— Չեմ հավատում, փառք Աստծո, երևի դրա համար էլ երազ քիչ եմ տեսնում:

-Կա՞ բարի նախանձ:
-Այո, բարի նախանձ կա, որ մղում է ինքդ քեզ հաղթելու, քեզ առաջ տանելու: Թեև սարքած բառ է, նախանձը մնում է նախանձ: Բարի անվանելով, նախանձի վրա գեղեցիկ շորեր են հագցնում:

-Գո՞հ եք եթերային լեզվից:
-Ո՛չ, շատ դժգոհ եմ, շա՛տ: Այդ ի՞նչ լեզու է` կարամ, չեմ կարա, ասում ա, խոսում ա, գնում ա, գալիս ա: Եթերում պետք է հնչի մեր ոսկեղենիկ, գրական հայերենը:

-Ո՞վ է զոքանչը Ձեր կյանքում:
-Սիրելի կնոջս շատ սիրելի մաման, ով մեզ հետ ապրում է արդեն 20 տարուց ավելի:

-Զավեշտական դեպք կարո՞ղ եք պատմել Ձեր կյանքից:
— Մեր ամուսնությունը զավեշտական է եղել: Ես Երևանում հանդիպել էի Լիլիին, քանի որ մեր ծնողները մտերիմ էին, և, այսպես ասած, աչքս կպել էր նրան: Հետո գնացի Մոսկվա` ուսանելու, հանկարծ հիշեցի Լիլիին և եկա Երևան` նրան գտնելու հույսով: Գիտեի, որ համալսարանում կամ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում անգլերենի քննություն էր տալու: Նստեցի 4-րդ ավտոբուսը (Կիլիկիայում էր ապրում) և հանկարծ…ավտոբուս բարձրացավ իմ իղձերի աղջիկը: Ինքն իր ոտքով ընկավ ծուղակը: Չնայած ռուսական դպրոց էր ավարտել, տվել էր հայկական բաժին: Զրուցելու ընթացքում ասաց, որ հայերենից «կաղում» է: Առաջարկեցի իմ օգնությունը և արդեն 44 տարի է` երջանիկ ու խաղաղ պայմաններում «պարապում» ենք:

Հարցազրույցը վարեց` Զարուհի Մխիկյանը

0 0 787 Июль 18, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում