«Մեկից մեկ» 2010

Տոնական միջոցառումներն անցկացվել են ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Մարտի 31-ին` ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյան արձանին հարակից տարածքում տեղի ունեցավ Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի բացօթյա ասուլիսը` նվիրված 2010թ. Երգիծանքի և հումորի համահայկական “Մեկից մեկ” պաշտոնական տոնահանդեսին:

Ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը` 2011թ. Երգիծանքի և հումորի թանգարան հիմնելու վերաբերյալ: “Սամվել Ք. Բաղդասարյան” ընկերությունը հանրությանը ներկայացրեց երգիծական «ԲԻՍՍ» թերթի անդրանիկ համարը: Հայկական մամուլի ընտանիքն ավելացավ ևս մեկ անդամով:
Ապրիլի 1-ի 12:00 — Ապրիլմեկյան տոնախմբությունների սկիզբը նշանավորվեց «Ծուռ մատիտների» խրախճանքով. «Մոսկվա» կ/թ ճեմասրահում բացվեց երգիծանկարների հանրապետական ցուցահանդեսը: Ներկայացված էին Գեորգի Յարալյանի, Վլադիմիր Աբրոյանի, Ցոլակ Կանթեղի, Պավել Ջանգիրովի, Տոտոյի, Արզոյի, Հարություն Չալիկյանի, Արսեն Գևորգյանի (Դիզո), Հարություն Սամուելյանի, Լևոն Աբրահամյանի , Դավիթ Ղազանչյանի, Նիկոյի աշխատանքները:

13:00 — «Օրոր — շորոր» մատիտներին «կարգի հրավիրելուց» հետո «Մոսկվա» կ/թ ճեմասրահը տրամադրվեց իրենց «սահմանադրական իրավունքից» օգտվել փորձող երգիծաքանդակներին: Ցուցադրությանը մասնակցում էին քանդակագործներ Ռոբերտ Մինասյանը, Խաչատուր Միրիջանյանը, Գագիկ Ղազարյանը, Արմեն Վարդանյանը, Կարեն Բաղդասարյանը, Ալեքսանդր Շկարբոնենկոն:

13:30 — Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ: Էլ ի՞նչ տոն, առանց կոմիկական ֆիլմի ցուցադրության: «Մոսկվա» կինոթատրոնում “Պարադիզ” ընկերությունը ներկայացրեց “Մանեկեն կամ Միմ-շոու” ֆիլմի ապրիլմեկյան կինոպրեմիերան. ռեժիսոր` Վահան Ստեփանյան, մտահղացման հեղինակ և սցենարիստ` Արմեն Վաթյան: Իրենց կատակերգական խաղով հիացրեցին Սերգեյ Դանիելյանը, Վահագն Սիմոնյանը և այլք:

14:30 — Տոնական հանդիսությունը շարունակվեց Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնում: Հայաստանյան Փոփոխությունների Թատրոնը փոքրիկների «դատին» ներկայացրեց թատերախմբի բեմադրած «ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ…» ինտերակտիվ, ուրախ ու գունեղ ներկայացումը:

15.00 — Ապրիլմեկյան տոնական հանդիսությունից անմասն չմնացին նաև Նորքի տուն-ինտերնատի տարեց բնակիչները: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արամայիս Սահակյանը: Ելույթ ունեցան երգիծանքի և հումորի, երգի ու պարի, ասմունքի վարպետներ Ժասմեն Գևորգյանը, Հորիզոնը, Էդգար Կարապետյանը, “Էնջելս” պարային համույթը:

15:30- Երևանի Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում զարմանք ու հիացմունք պատճառեց «Միստր Մոգ» Վարդան Ամիրյանն` իր աճպարարական շոուով: Տոմսի արժեքն անփոփոխ էր` կրկին 50 դրամ:

16:00 — Հրաշքների վայելքն ամբողջացրեց «Միմ ստուդիո» թատերախմբի (Արա Հարությունյան, Հայկ Իսրայելյան, Հովհաննես Հաջինյան) մնջախաղի զվարճալի ծրագիրը` ներկայացված տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում:

16:30 — Իսկ «Ժպտացող օբյեկտիվները» բոլորին հրավիրել էին Հյուսիսային պողոտա` մասնակցելու “Սամվել Ք.Բաղդասարյան” ընկերության անցկացրած «Ծիծաղաշարժ լուսանկար» մրցույթում հաղթած աշխատանքների ցուցահանդեսին: Ցուցադրությանը մասնակցում էին նաև լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Վարդանյանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Մրցույթը և ցուցահանդեսը ապրիլմեկյան միջոցառումների շրջանակներում անցկացվում էին առաջին անգամ, սակայն կազմակերպիչները համոզմունք հայտնեցին, որ դրանք կդառնան ավանդական:

17:00 — Տոն առանց ծաղրածուի՞: Չլսված բան է: Ծաղրածու Zozo-ի և իր ընկերների կողմից ներկայացվեց «Ա~յ-յա~-յա~յ» գերզվարճալի ծրագիրը` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Դահլիճում ներկա էին ՀՀ մանկատների 300-ից ավելի սաներ, ում տոնական տրամադրությունն ապահովեցին կենսուրախ ծաղրածուները:
18:00 — Արամ Խաչատրյան հուշարձանին հարակից տարածքում անցկացվեց տոնական բացօթյա հանդիսություն, որին մասնակցեցին ծաղրածուներ, կենդանիներ վարժեցնողներ, ակրոբատներ, յոգ, էկվիլիբրիստ, ձեռնածու, անտիպոդ, կիկեսային հեծանվորդ, մարդ-տիկնիկներ, ոտնացուպերով մարդիկ, փողային նվագախումբ, “Լամբադա” և “Էնջելս” պարային համույթները:
Նախատեսված քայլերթը չկայացավ` երթևեկության խցանման պատճառով (պայմանավորված լուսակիրների անկանոն աշխատանքով): Այն հետաձգվեց մինչև 2011թ. Ապրիլի 1-ը: Հուսով ենք, 2011-ի Ապրիլի 1-ին մայրաքաղաքի լուսակիրները կաշխատեն անխափան:
19.00— Տոնական ծրագրի շրջանակներում Երևանի կամերային պետական թատրոնը ներկայացրեց Ա. Երնջակյանի «Կաբարե» բեմադրությունը:
20:01 — Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Մեկից մեկ» եզրափակիչ շքահանդեսը, որին, երգիծանքի և հումորի հայաստանյան վարպետներից զատ, մասնակցում էին Լոնդոնից ժամանած` «Սթենդ ափ քոմեդի» ժանրի հանրահայտ ներկայացուցիչ, մեր հայրենակից Քև Օրքյանը և հանրության սիրելի, մոսկովյան «Ծուռ հայելի» թատրոնի ճանաչված դերասան Կարեն Ավանեսյանը: Երեկոն ավարտվեց Ապրիլմեկյան օրհներգի փայլուն կատարումով, որի ընթացքում երգիչներին սիրով միացավ հանդիսատեսը:
22.00 Ապրիլմեկյան հանդիսությունների ավարտը նշանավորվեց տոնական ձայնային հրավառությամբ: