ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1968թ. օգոստոսի 11-ին, Չարենցավանում: Երևանի  Հ. Շիրազի անվան դպրոցն ավարտելուց հետո  ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (ղեկավար` Հ. Ղափլանյան): Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական  և  Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի, ինչպես նաև «Արիոն» (հետագայում` Է. Էլբակյանի) թատրոններում: Նկարահանվել և նկարահանվում է հեռուստատեսային բազմաթիվ հումորային նախագծերում` չդադարելով երգել ու հանդես գալ էստրադայում:

-Սիրո՞ւմ եք կատակել: 
-Հիմնականում իմ մտածելակերպը սրամտությամբ է սկսվում, հատկապես` ճակատագրական պահերին: 

-Ի՞նչ վերաբերմունք ունեք հումորի զգացումից զուրկ մարդկանց նկատմամբ: 
— Ոչ մի կերպ չեմ վերաբերվում: 

-Լա՞վ է սիրված և ճանաչված լինելը:
-Հաճելի է, գայթակղիչ և միաժամանակ` դժվար: 

-Տուժե՞լ եք Ձեր արած հումորի պատճառով: 
— Միայն բթամիտների հետ կոնֆլիկտներ ունենալիս: 

-Սիրո՞ւմ եք անեկդոտ պատմել: 
-Պատմել սիրում եմ, բայց ավելի հաջող է լինում, երբ նույն անեկդոտը վերածվում է մանրապատումի: 

-Ամեն մարդ կարո՞ղ է անեկդոտ պատմել: 
— Երբեք, թթու է` թան չի, ամեն մարդու բան չի: Անեկդոտ պատմելու վարպետ են Աշոտ Ղազարյանը, Արթուր Հակոբյանը: 

— Ձեր թույլ տված սխալի համար ներողություն խնդրո՞ւմ եք:
-Այո’, անպայման: Երբեմն մեն մի ներողությունը կարող է ընտանիքը փրկել կործանումից, փրկել ընկերությունը, մասնագիտությունը: 

-Դրսում և տանը նույն մա՞րդն եք:
— Օ~, ոչ, ամենևի’ն: Տանը` քնկոտ, անբան Հուռի, դրսում չգիտեմ ինչ մոդելի մարտկոց եմ, հավերժական շարժիչ: 

-Ո՞վ է սկեսուրը:
-Իմ սկեսուրը քայլող հանրագիտարան է: 

-Ի՞նչ են ասեկոսեները, բամբասանքը:
-Չաչանակություն, պարապ և չար մարդկանց սիրելի զբաղմունք: 

-Տղամարդու Ձեր իդեալը: 
-Իդեալական ոչինչ չի լինում, ուստի ես բավարարվում եմ իմ տղամարդով: 

-Հիշաչա՞ր եք: 
-Ներում եմ, բայց չեմ մոռանում: 

-Հավատո՞ւմ եք երազներին:
-Հավատում եմ, որովհետև երազներում են իրականանում երազանքները և երազներն են կանխատեսում մեր նպատակների իրականացումը, իմ երազանքները տիեզերքի հետ են կապված: 

— Ի՞նչ կանեք, եթե կատուն կտրի Ձեր ճանապարհը: 
— Ինձ թվում է չի կտրի, քանի որ գործ կունենա առյուծի հետ: 

-Ինչպե՞ս եք 13 թվի հետ: 
— Շատ լավ, իմ ողջ կյանքում 13 թիվն ուղեկցում է ինձ որպես անսահման հզոր, հաջողակ, բարի թիվ, մանավանդ, որ միակ որդիս` Սամվելը, ծնվել է դեկտեմբերի 13-ին, ժամը 13-ին: 

-Ձեզ խանդոտ համարո՞ւմ եք:
— Եթե տեղն իմանամ, խոստանում եմ ձեռք բերել, ընդամենը հետաքրքրասիրությունից դրդված, քանի որ չեմ տառապում այդ ցավով: 

-Ձեզ երբևէ դիմե՞լ են Ձեր մարմնավորած հերոսուհու անունով:
-Շատ են դիմել, հիմնականում` Սաթենիկ: 

-Հայ ընտանիքում կա՞ մայրիշխանություն: 
-Իհարկե կա, պարզապես հայ կնոջ ճկուն ստրատեգիայի շնորհիվ մենաշնորհը տրված է տղամարդուն: 

-Թալիսման ունե՞ք: 
-Այո, որդուս նվիրած մատանին, որը միշտ կրում եմ: 

-Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:
-Ազնվությունը, պատասխանատվության և հումորի զգացումը: 

-Ի՞նչ է հայհոյանքը: 
-Մեր պապերի օրհնանքը, մեր հայրերի խրատանին, այսօրվա մարդու ցինիզմը, գռեհկությունն ու մտահորիզոնի աղքատությունը: 

-Ընտանեկան վեճերից հետո ո՞վ պետք է անի հաշտության առաջին քայլը: 
-Հիմնականում` կինը: 

-Ձեր սիրած ծաղիկը: 
-Նայած սեզոնի, սիրում եմ շատ փոքրիկ, դաշտային ծաղիկներ, իսկ նվեր ստանալիս չեմ կարող իմ կամքը թելադրել: 

-Պարտադի՞ր է, որ ամուսիններն (երկուսն էլ) ունենան բարձրագույն կրթություն: 
-Ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Կրթությունը կապ չունի ներքին կուլտուրայի և մտավոր զարգացածության հետ: Շատ ենք հանդիպում բարձրագույն կրթությամբ անկիրթների: 

— Ի՞նչ կանեք, եթե բռնեք ոսկե ձկնիկ: 
-Ոսկե ձկնիկից կխնդրեմ կախարդական փայտիկ, որ դառնամ ամենակարող: 

-Ձեր մարմնավորած ո՞ր հերոսուհին է ավելի հոգեհարազատ: 
-Բոլորն էլ շատ սիրելի են ու հոգեհարազատ, քանի որ իմ զավակներն են: 

-Ո՞ւմ եք համարում Ձեր կուռքը բեմում:
-Կուռք չեմ ունեցել, բայց մինչ օրս էլ զմայլվել և օրինակ եմ վերցրել մեր մեծ դերասաններից, ում հետ բախտ եմ ունեցել խաղալ Մայր թատրոնում: 

-Իմպրովիզներ անել սիրո՞ւմ եք: 
-Նյութի շրջանակներում իմպրովիզները պարտադիր են, քանի որ համ ու հոտ են տալիս դրվագին: 

-Երբևէ Ձեզ մտովի քննադատե՞լ եք:
— Աընդհատ, իմ առաջին քննադատը ես եմ և երբեք ինձ չեմ հավանում: 

-Ձեր սիրած գույնը: 
-Մեր Եռագույնը: 

-Երբևէ արցունքներն օգնե՞լ ենազդել դիմացինի վրա: 
-Երբե’ք, որովհետև չեմ խաղում, քանի որ կեղծ նոտան (ֆալշը) անմիջապես զգացվում է: 

-Ամենակարևորը տղամարդու արտաքինում:
-Ֆիզիկական և հոգևոր ներդաշնակությունը, դատարկ պատյան չեմ սիրում: 

-Ընդունո՞ւմ եք կին-բռնցքամարտիկ, կին-ծանրոր: 
-Միայն Նազիկի շնորհիվ եմ ընդունել, իսկ հիմնականում` ոչ: 

-Ձեր ընտանիքում կա՞ սիրելի ճաշատեսակ:
-Մայրիկիս պատրաստած թփով տոլման, արևածաղկի սերմի նման «չրթում» ենք: 

-Ի՞նչ է երջանկությունն ըստ Մագայի:
— Արևի լույս և լույսի փայլ: 

-Ի՞նչ են հանդիսատեսի ծափերը:
— Դերասանի տքնաջան աշխատանքի ճիշտ, անկեղծ գնահատականը: 

-Այսօր շատ չե՞ն այսպես կոչված` «աստղերը»:
— Աստղեր չկան, կան միայն ասուպիկներ, որոնք շատ շուտ խամրում են: 

-Կո՞ղմ եք sms-քվեարկությանը: 
-Բոլորովի’ն, որտեղ մեծ դերը տրվում է քսակի պարունակությանը, այնտեղ արդարություն լինել չի կարող: 

-Ավելի շատ կանա՞յք են բամբասում, թե՞ տղամարդիկ: 
-Տղամարդիկ, միայն ու միայն տղամարդիկ: 

-Ինչպե՞ս եք վերաբերվում այլազգիների հետ ամուսնությանը: 
-Միայն մուսուլման չլինի, շատ նորմալ և բնական: 

-Ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Ուսումնասիրում եմ բուսաբուժությունը: Հույս ունեմ, որ այդ գործում կհասնեմ լուրջ հաջողությունների: 

-Մարտի 8-ն եք նախընտրո՞ւմ, թե՞ Ապրիլի 7-ը: 
— Միամսյակը շատ-շատ հաճելի է: 

-Հայկական կատակերգական ժանրի ո՞ր ֆիլմն եք սիրում:
— «Տերն ու ծառան», «Շրթներկ N4», «Երեք գումարած երկու», դա էլ եմ համարում հայկական, որովհետև սցենարիստը, դերակատար-ռեժիսորը մեր հայկրենակից Հենրիկ Հովհաննիսյանն է: 

-Տարվա մեջ միայն մեկ օր` Ապրիլի 1-ն է հումորի օր, քիչ չէ՞: 
— Մեր բախտը բերել է, քանի որ ով ունի հումորի զգացում, հասկանում և գնահատում է կատակը, նրա համար տարվա 12 ամիսն էլ Ապրիլի 1 են:

Հարցազրույցը վարեց`  ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 Комментарии к записи ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ отключены 1000 Апрель 29, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում