ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ

Ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 10-ին, Աթենքում: 1947-ին ընտանիքը հայրենադարձվել է: Երևանում թիվ 47 դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո սովորել է Գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական բաժնում: Ավարտելով այն, ուսանել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում և 1977-ին ստացել իրավաբանի որակավորում:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

 

-Կատակել սիրո՞ւմ եք:
-Շատ եմ սիրում, առանց կատակի հնարավոր չէ ապրել:

-Սիրո՞ւմ եք լուրջ խոսքը կատակով ասել:
-Այդպիսի խաղեր չեմ անում:

-Ին՞չ կարծիքի եք հումորի զգացումից զուրկ մարդկանց մասին:
-Շատ վատ, նույնիսկ խղճում եմ նրանց:

-Լա՞վ է ճանաչված լինելը:
-Հպարտություն է, բայցև` պարտավորեցնող:

-Անեկդոտ պատմել սիրո՞ւմ եք:
-Եթե ուժերս «ներում» են, շատ եմ սիրում: Ավելի շատ սիրում եմ լսել:

-Ամեն մարդ կարո՞ղ է համով պատմել անեկդոտը:
-Ո’չ, բոլորովին: Դրանք հատուկ, տաղանդավոր մարդիկ են:

-Ունե՞ք հաջողակ թիվ:
-Բոլոր հարցերում 10-ն է: Նույնիսկ ֆուտբոլում միշտ 10 համարի տակ եմ խաղացել:

-Ձեզ խանդոտ համարո՞ւմ եք:
— Շա’տ, որը, ցավոք, հիվանդություն եմ համարում, չնայած գիտեմ, որ բացասականից բացի լավ բան չի պարունակում խանդը:

-Ին՞չ կասեք այն տղամարդկանց մասին, ովքեր աղջիկ երեխայի ծնունդը շատ ծանր են տանում:
-Երևի դրանք հիվանդ մարդիկ են: Ես աղջիկ երեխա շատ-շատ եմ սիրում:

-Ընկերների ընտրության հարցում երբևէ սխալվե՞լ եք:
-Եղել են, եւ շատ ծանր եմ տարել: Երևի եղել է տարիքի հետ կապված, երիտասարդ տարիքում: Ունեմ շատ լավ, անկաշառ ընկերներ, հպարտանում և ապրում եմ նրանցով:

-Երբևէ արժանացե՞լ եք «ախպար» տիտղոսին:
-Փորձել են ասել դեռ մանուկ հասակից, բայց ստացել են պատասխան հարված ու վախեցել են:

-Պատրա՞ստ եք ներողություն խնդրել Ձեր թույլ տված սխալի համար:
-Ես միշտ աշխատել եւ աշխատում եմ զգոն ու գիտակից լինել: Երբեք առիթ չեմ տվել ներողություն խնդրելու և չեմ էլ տա, երբեք:

-Ո՞վ է զոքանչը Ձեր կյանքում:
-Հարգված մայր` իմ մորից հետո:

-Նախանձը կարո՞ղ է լինել բարի:
-Ո’չ, չի կարող, սուտ բաներ են այդ խոսքերը: Նախանձը նախանձ է, էլ բարին ո՞րն է:

-Եթե սև կատուն կտրի Ձեր ճանապարհը, ի՞նչ կանեք:
-Եթե ոտքով եմ` շուռ եմ գալիս: Մեքենայով լինելու դեպքում փոխում եմ ճանապարհս, շատ եմ հավատում չար ուժերին:

-Թալիսման ունե՞ք:
-Այո, ընկերոջս նվիրած օրհնված խաչը, որը միշտ ինձ հետ է:

-Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:
-Առաջին հերթին` համեստությունը, հետո` խելացիությունը:

-Ի՞նչ է հայհոյանքը:
-Նյարդային սթրեսի բուժում:

-Կյանքում ի՞նչը չեք ների:
-Դավաճանությունը:

-Ավանդապա՞շտ եք:
-Հարգում և ընդունում եմ մեր բոլոր ավանդույթներն ու ծեսերը:

-Ո՞ր տոնն եք սիրում:
-Նոր տարին, Սուրբ Ծնունդը և Քրիստոսի Հարության տոնը` Զատիկը:

-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք սիրում դիմավորել Նոր տարին:
-Սիրում եմ Ամանորը դիմավորել և անցկացնել տանը` իմ ընտանիքի, իմ հարազատների հետ:

-Ընդունո՞ւմ եք, որ Նոր տարին ինչպես դիմավորես, այդպես կանցնի ամբողջ տարին:
-Դա լսել ենք մեր մեծերից և մտել է մեր գիտակցության մեջ, ձգտում ենք լավ և ուրախ դիմավորել:

-Կա՞ որևէ ավանդական կերակուր, որ պարտադիր պիտի լինի Ձեր Տարեմուտի սեղանին:
-Կան, հայրենադարձների պատրաստած սուտ տոլման (բրնձով ու խաղողի տերևով) և պասուց տոլման:

-Հավատո՞ւմ եք Ձմեռ պապի գոյությանը:
-Փոքր ժամանակ հավատացել եմ, քանի որ մեր ժամանակ տեղեկատվական աղբյուրները սակավ էին, և մենք էլ միամիտ էինք:

-Նոր տարվա առթիվ նվերներ տալ սիրո՞ւմ եք:
-Շատ եմ սիրում, թեկուզ ոչ շատ թանկարժեք: Դա շատ հաճելի երևույթ է և ուշադրության արտահայտություն:

-Արարատ 73-ի հետ կապված որևէ հաճելի, արժանահիշատակ դեպք կարո՞ղ եք հիշել:
-Երբ Մոսկվայում` եզրափակիչ խաղում, ԽՍՀՄ գավաթակիր դարձած «Արարատը» վերադարձավ Երևան, օդանավակայանը լեփ-լեցուն էր ֆուտբոլասերներով: Մենք` ֆուտբոլիստներս, չհասցրեցինք ոտք դնել հողին և հայտնվեցինք երկրպագուների ձեռքրի վրա: Ես ամուր բռնել էի գավաթը, որ հանակարծ չկոտրվի, որովհետև մարզիչ Նիկիտա Սիմոնյանը շատ էր անհանգստանում գավաթի համար: Երբեք չեմ մոռանա ժողովրդի ցնծությունն ու ուրախությունը: Օդանավակայանից մինչև Երևան սեղաններ էին բացել…
Այդ պահը շատ հուզիչ ու տպավորիչ էր…

Հարցազրույցը վարեց`  ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 0 782 Декабрь 10, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում