ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ

ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ

Գրող, սցենարիստ, թատերագիր: Ծնվել է 1950թ. հուլիսի 29-ին, Երևանում: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 15 լիամետրաժ, մի շարք անիմացիոն և վավերագրական ֆիլմերի, գովազդային և այլ տեսահոլովակների սցենարի հեղինակ, մի շարք սերիալների համահեղինակ է:  Մի շարք պիեսներ բեմադրվել են Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Երևանում:

 

 

-Ձեզ կատակասեր համարո՞ւմ եք: 
— Ճիշտն ասած, առանց կատակի կյանքը կյանք չէ, այլ` տանջանք: 

-Ինչպե՞ս եք վերաբերվում հումորի զգացումից զուրկ մարդկանց:
— Մեծ զգուշությամբ: Խղճում եմ այդպիսիներին` իրենց անգույն կյանքի համար: 

-Անեկդոտ պատմել սիրո՞ւմ եք: 
-Չչ, չեմ սիրում: Նույնիսկ չեմ էլ հիշում: Անեկդոտ պատմելը ստեղծագործական պրոցես չէ:

-Ձեր թույլ տված սխալի համար պատրա՞ստ եք ներողություն խնդրել: 
— Վատն այն է, որ ես չեմ տեսնում իմ արած սխալները: 

-Ո՞վ է զոքանչը: 
— Իմ զոքանչը շատ բարի, շատ լավ կին է: Շատ եմ սիրում նրան: Չեմ ընդունում զոքանչների մասին զազրախոսությունները: Ժամանակն է հանգիստ թողնել նրանց: 

-Ավանդապա՞շտ եք:
— Ցավոք, մեր բոլոր ավանդույթներին ծանոթ չեմ: Որքանին որ ծանոթ եմ և տիրապետում եմ, պահպանում և կիրառում եմ: Ավանդույթները ժողովրդի դեմքն են, եթե չլինի ավանդույթ, մենք կլինենք անդեմ ազգ: 

-Ձեր սիրած տոնը: 
-Ամենատանջալից տոնը` Նոր տարին: Չնայած տանջանք է, բայց մանկությունից իմ սիրելի տոնն է: 

-Ի՞նչ կանեք, եթե դառնաք ամենակարող: 
— Կիրականացնեմ իմ ժողովրդի համազգային երազանքը… 

-Ի՞նչ կասեք հայկական սերիալների մասին: 
— Առաջինը (որը ողջունելի է) այն է, որ դերասանները (նաև` ո’չ դերասանները) հանապազօրյա հացի փող են վաստակում: Երկրորդը` արժեզրկվել է ֆիլմ բառի իմաստը, բոլորը դարձել են դերասան: Նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանները կորցնում են իրենց պրոֆեսիոնալիզմը: 

-Ի՞նչ նախասիրություններ (հոբբի) ունեք:
-Սիրում եմ լսել լավ երաժշտություն, քանի որ երիտասարդ ժամանակ եղել եմ երաժիշտ, կիթառ եմ նվագել: Սիրում եմ լսել և’ ազգային, և’ դասական, և’ երիտասարդ տարիներիս ռետրո ռոք: 

-Տարվա մեջ միայն մեկ օր` Ապրիլի 1-ն է հումորի օր: Բավարա՞ր է: 
— Եթե կան մարդիկ, ովքեր միայն Ապրիլի 1-ին են կատակում, նմանների համար դա էլ շատ է: 

-Ընդունո՞ւմ եք կին-բռնցքամարտիկ, կին-ծանրորդ: 
— Եթե ընկերները, ամուսինները ընդունում են, դա իրենց անձնական կյանքի պրոբլեմն է և ոչ թե իմը: 

-Ի՞նչն է եղել մասնագիտության ընտրության ուղեցույցը:
— Հիմնականում վաղ մանկությունից կարդացած գրքերը, որի համար շատ շնորհակալ եմ իմ ծնողներին` հարուստ գրականություն ունենալու համար: Շատ եմ կարդացել Մարկ Տվենի, Բեռնարդ Շոուի, ավելի ուշ` Գրիգորի Գորինի և այլոց ստեղծագործությունները: 

-Ձեր սիրելի դերասանը: 
— Անհնար է բոլորին թվել, մի քանիսի անունը կտամ` Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Սերգեյ Յուրսկի, Ինոկենտի Սմակտունովսկի, Օլեգ Տոբակով… 

-Հայկական ո՞ր ֆիլմն եք սիրում:
-Հենրիկ Մալյանի բոլոր ֆիլմերը: 

-Սիրո՞ւմ եք կենդանի պահել:
— Անձամբ ես չեմ պահում, քանի որ հաճախակի եմ բացակայում քաղաքից, իսկ կենդանուն խնամք է պետք: Կինս երկու գերմանամուկ-համստեր (хомяк) է պահում, որոնց պատճառով ես ընկել եմ 10-րդ պլան: 

-«Որտեղ հաց, էնտեղ կաց». համամի՞տ եք: 
— Ո’չ, ես հացի համար երբեք չեմ լքի հայրենիքը: Կարելի է ժամանակավոր գնալ այնտեղ, որտեղ կարելի է իրացնել իմ սցենարները, քանի որ, ցավոք, ես ստեղծագործում եմ ռուսերեն: 

— Ի՞նչ ֆիլմեր եք սիրում ստեղծել: 
— Կամ կատակերգություններ, կամ խորը փիլիսոփայական, ասելիք ունեցող ֆիլմեր. մի ծայրահեղությունից մյուսը: 

-Ունե՞ք երազած ֆիլմ: 
— Ունեմ, իհարկե ունեմ, առանց երազանքի հնարավոր չէ ապրել. փակագծերը չեմ բացի: 

-Որևէ դեպք Ձեր կյանքից: 
-Երկար տարիներ աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր, բախտ եմ ունեցել շփվել Ֆրունզե Դովլաթյանի, Աղասի Այվազյանի, Հենրիկ Մալյանի և շատ-շատերի հետ: Յուրի Երզնկյանը սրամիտ մարդ էր: Այն ժամանակ կար գիտխորհուրդ, որը ֆիլմի ավարտից հետո դիտում էր կազմակերպում: Երզնկյանն ասում էր.»Երբ կինոդիտումից հետո բոլորը դուրս են գալիս մռայլ դեմքերով, ուրեմն ֆիլմը ստացվել է»:
Ասեմ, որ նկարահանման հրապարակը կրկեսի արենայի նման է` լի անկանխատեսելի անակնկալներով:

 

Հարցազրույցը վարեց`  ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 0 623 Июль 29, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում