ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ժողովրդական արտիստ, քանիցս պետական մրցանակների դափնեկիր, ասմունքի վարպետ: Ծնվել է 1941թ. հուլիսի 16-ին, Երևանում: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Ծնվել է Երևանում: Ավարտել է Տիմոշենկոյի անվան դպրոցը: Այնուհետև ընդունվել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Ա. Գուլակյանի ղեկավարությամբ: 1962-ից մինչ օրս Գ. Սունդուկյանի անվան թատրոնի անդավաճան դերասանուհի է:

 

-Լա՞վ է ճանաչված լինելը:
-Դե, հաճելի բան կա: Ո՞նց կարելի է լավ չզգալ, երբ փողոց դուրս գալիս բոլորը բարևում և ժպտում են ինձ: 

-Պատահե՞լ է, որ Ձեզ դիմեն ճանաչում վայելած և Ձեր մարմնավորած թե՛դրական, թե’ բացասական հերոսուհու անունով:
-Շատ՝ Նատո, Վալյա, Նատաշա: Ճիշտը որ ասեմ, ավելի շատ իմ հերոսուհիների անուններով են դիմել ինձ:

-Կատակել սիրո՞ւմ եք: 
-Իհարկե, սիրում եմ հումորով ասել: 

-Ինչպե՞ս եք վերաբերվում հումորի զգացումից զուրկ մարդկանց: 
— Շատ տխուր տպավորություն է թողնում անհումոր մարդը:

— Ամեն մարդ կարո՞ղ է անեկդոտ պատմել:
-Չէ, դա շնորհ է: Օրինակ՝ ես, անեկդոտ պատմել չեմ կարողանում, պատմելը հատուկ մարդկանց է տրված: Օրինակ, ամուսինս՝ Յուրի Ամիրյանը, յուրաքանչյուր անեկդոտ այնպես էր մատուցում, որ անզուսպ ծիծաղ էր հարուցում: 

-Անելանելի վիճակից կարողացե՞լ եք հումորի օգնությամբ դուրս գալ: 
-Այո, նույնիսկ պայթյունավտանգ պահերը ես հումորով եմ շտկում: 

— Ինչպե՞ս եք 13 թվի հետ: 
— Չեմ ընդունում այդ թիվը: Նույնիսկ արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ խուսափել եմ N13 հյուրանոցային համարից: 

-Հավատո՞ւմ եք «աչքով տալուն»: 
-Այո, շա՜տ եմ հավատում և ինձ վրա զգացել եմ աչքի չար ուժը: 

— Ձեզ խանդոտ համարո՞ւմ եք: 
— Եթե սիրում ես, ինչպե՞ս կարող ես չխանդել, բայց հիվանդագին խանդ չեմ ընդունում:

-Ձեր թույլ տված սխալի համար պատրա՞ստ եք ներողություն խնդրել:
-Ձգտում եմ ինձ այնպես պահել, որ ներողություն խնդրելու կարիք չզգացվի:

-Երբևէ «խաղացե՞լ» եք մարդկանց հոգու հետ: 
— Չէ՜, էդ իմ փեշակը չի, չեմ սիրում:

-Տղամարդու Ձեր իդեալը: 
-Իմ իդեալը եղել և մնում է ամուսինս՝ Յուրի Ամիրյանը: 

-Նախանձը կարո՞ղ է բարի լինել: 
— Նախանձը նախանձ է, նախանձի բարին ո՞րն է: 

— Հիշաչա՞ր եք:
— Բոլորովին, ատում եմ հիշաչար մարդկանց: Կարող է շուտ բարկանամ և շուտ հանդարտվեմ:

-Ձեզ բավարարո՞ւմ է եթերից հնչող հայերենը: 
— Էսպես ավերել կլինի՞ մեր ոսկեղենիկ լեզուն, հաճախ այդ ի՞նչ աղբ են մատուցում եթերից, որ լսելիս ցավ եմ զգում իմ լեզվի աղավաղման համար: 

— Հնարավո՞ր է ահավոր սիրել: 
-Ահավոր հիասթափություն կարելի է ապրել և ոչ թե սիրել կամ գովել, ահավոր չար կարող է լինել, բայց ահավոր և լա՞վ… անհամատեղելի են:

-Եթե սև կատուն անցնի Ձեր դիմացով, ի՞նչ կանեք:
— Կկանգնեմ, կպտտվեմ ու կանցնեմ: 

-Ունե՞ք թալիսման: 
-Մի անգամ իմ սիրելի Յուրին ինձ ասաց, — «Ժեն ջան, դու իմ թալիսմանն ես»: Իմ թալիսմանն էլ իմ Յուրին էր, ով նոյեմբերի 12-ին կդառնար 70 տարեկան, բայց, ավա՜ղ…

-Ի՞նչը չեք ների երբեք: 
-Դավաճանությունը: 

-Խոհանոց սիրո՞ւմ եք: 
— Շատ, շատ եմ սիրում համեղ ուտեստներ, աղցաններ պատրաստել և մատուցել իմ հյուրերին:

— Ընտանեկան վեճերի ժամանակ ո՞վ պետք է անի առաջին քայլը: 
-Կինը, կինը հանդուրժող ու խոնարհ պիտի լինի: 

-Ավանդապա՞շտ եք:
-Այո, հարգում և պահպանում եմ մեր բոլոր ավանդույթներն ու սովորույթները, ես օջախ սիրող մարդ եմ: 

-Ի՞նչ կանեք, եթե ունենաք կախարդական փայտիկ: 
— Կկենդանացնեմ իմ սիրելի ամուսնուն: 

-Բացասական հերոսուհո՞ւն է հեշտ մարմնավորել, թե՞ դրական: 
-Բացասականը շատ դժվար, բայց հետաքրքիր է խաղալ, ինչքան ժողովուրդը ատի, ուրեմն դերդ ստացվել է: 

— Ձեր դերասանական ընտանիքի նման համերաշխ ընտանիք մատների վրա կարելի է հաշվել, ինչո՞ւմն է դրա գաղտնիքը: 
-Փոխադարձ հարգանքը մեկը մյուսի նկատմամբ: Կնոջ ներողամտությունը, հանդուրժողականությունը: Յուրին տղամարդ էր, լինում էին պոռթկումներ, բայց ես զսպում էի ինձ, քանի որ շատ լավ գիտեի նրա մաքրամաքուր հոգին և ազնիվ ու շիտակ բնավորությունը: Կինը՝ ես, եղել եմ ներսի պատ, իսկ տղամարդը՝ Յուրին, դրսի: Մեկս մյուսիս միշտ լրացրել ենք: 

-Ո՞րն է առաջնային Ձեզ համար՝ թատրո՞նը, կինո՞ն, թե՞ էստրադան: 
-Առաջինը՝ թատրոնը, երկրորդը՝ կինոն և թեկուզ երրորդը՝ բայց իմ հոբբին պոեզիան է:

-Նյութականը որևէ դեր խաղո՞ւմ է ընտանիքի ամրության գործում: 
-Մասամբ, քանի որ հիմնական վիճաբանությունները լինում են սոցիալական հողի վրա: 

-Ի՞նչ ծաղիկ եք սիրում: 
-Շատ եմ սիրում վարդ, թրաշուշան և քաջվարդ, իսկ Յուրին սիրում էր քրիզանթեմ: 

-Որևէ զավեշտական դեպք Ձեր կյանքից: 
-«Հարսնացու հյուսիսից» ներկայացումներից մեկի ժամանակ, երբ խնամիները գնում են Վալյայի ձեռքը խնդրելու, սկսում են դեսից-դենից խոսել և Մուրադը (Թաթուլ Դիլաքյան) սկսեց գովել մեր հայկական գինին և պիտի ասեր, — «Ի՜նչ գինի է, ի՜նչ գինի, մեռոնը քեզ օրինակ», բայց մոռացել էր մեռոն բառը, Գևորգ Չեփչյանը հուշեց, Դիլաքյանն էլ իբր հիշել և ոգեւրված ասաց. 
-Ի՜նչ գինի է, ի՜նչ գինի, մեռելը քեզ օրինակ:
Բեմում գտնվողներս մի կերպ զսպեցինք մեր ծիծաղը:

Հարցազրույցը վարեց` ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 0 1792 Июль 16, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում