Եվ հայերը սիրեցին կինոն

Եվ հայերը սիրեցին կինոն

— Պրն. Բեկնազարյան, ինչպե՞ս  եղավ , որ հանկարծ ծնվեց հայկական կինոն ու հայերը կինո ունեցան: 
— Դե գիտեք, հայերս իրականությունից խուսափող, փոխարենը մեր երևակայական արժեքները կարևորող ազգ ենք: Նման վիճակում ոչինչ այդքան կարևոր չի կարող լինել, որքան կինոն: Եթե հիշում եք, մարդկության խոշորագույն փիլիսոփաներից մեկն է դեռ ժամանակին ասել. «Բոլոր արվեստներից մեր համար ամենակարևորը կինոն է», իսկը մեր` հայերիս համար է ասված: Եվ հայերը սիրեցին կինոն, իրենց երևակայածը սկսեցին կինոյում փնտրել:
— Ինչ՞  կասեք մեր այսօրվա կինոյի մասին, ինչպես կգնահատեք այն: 
— Այսօր մեր ազգային կինոն, իհարկե, իր լավագույն ժամանակները չի ապրում, սակայն իրատես լինենք և խոստովանենք, որ այդ ոլորտի մի շարք ժանրերում, մասնավորապես ֆիլմ-սարսափներում և ֆիլմ-աղետներում մենք կարող ենք աննախադեպ հաջողություններ ունենալ: Դրա համար բավական է միայն, որ համարձակություն ունենանք աշխարհին ու ինքներս մեզ մեր իրականությունը ներկայացնել ճշմարտացի, ինչպես ասում են` «առանց ռետուշի», և  «Օսկար»-ներն  ու «Ոսկե արմավենի»-ները  մեր վրա կթափվեն` ինչպես առատության եղջյուրից: Շատ կարևոր եմ համարում նաև պանդխտության, ժամանակակից լեզվով ասած` էմիգրացիայի թեման, սա այսօր շատ արդիական է: Կարելի էր, ասենք, մի ֆիլմ նկարել` «Հայերը Բեռլինում», ասել է թե` ինչպես ենք թալանում գերմանական խանութները կամ իբրև սեռական փոքրամասնության ներկայացուցիչ` նրանց մոտ ապաստանում ու նպաստներ ստանում, որ դրա հաշվին մեր դեռ այստեղ մնացած ազգականներն իրենց կոմունալ վարձերը վճարեն ու ճոխ նոր տարիներ անցկացնեն: Լավ սյուժե չէ՞:

— Իսկ ինչ՞ կարծիք ունեք օրինակ, էրոտիկայի մասին: Արդյոք հայկական կինոյում այսօր այն իր ուրույն տեղը չպե՞տք է գտնի: 
— Ինչ խոսք, վերջապես Ժամանակն է, որ մեր կինոյում տեղ գտնի նաև էրոտիկան: Ցավոք, մեր պուրիտանական դաստիարակությունը թույլ չի տվել հասկանալու այս ժանրի ողջ արդիականությունը, այս հարցում այնպիսի պահվածք ենք որդեգրել, կարծես ցանկանում ենք ողջ աշխարհին համոզել, թե մեզանում երեխաները կաղամբի դաշտերից են դուրս գալիս:  Եթե հիշում եք, ես դեռ 1925-ին, մեր առաջին հայկական ֆիլմում` «Նամուս»-ում,  սեռական թեմաներ էի շոշափում. մեր Հրաչյան ինչ~  կրքոտ աչքերով էր ասում` «ախչի, հլը դոշերդ բաց»… Այդ ժամանակ դեռ Տինտո Բրաասն իրեն նման անկեղծ տեսարան թույլ տալ չէր կարող: Կամ հետագայում` մեր մյուս սեռական գլուխգործոցում` «Ոսկե ցլիկ»-ում, ինչ~ կրքոտ երկխոսություն է գնում` «Կտա’ս»,  «Չե’մ տա»:  Իսկ հետագայում կարծես մոռացանք, որ նման թեմա գոյություն ունի: Այնինչ մեզ այսօր շատ է պետք մի իսկական ռազմա-հայրենասիրական, լիրիկական էրոտիկա, համեմված մեր ազգային նահապետական ավանդույթներով ու բարոյական բարձր արժեքներով:

0 0 872 Сентябрь 3, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում