ԳԵՎՈՐԳ ՔԱՓԻԿՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՔԱՓԻԿՅԱՆ

Բեմական անունը` Քև Օրքյան:  Ծնվել է 1974թ. փետրվարի 13-ին, Լոնդոնում, պոլսահայ ծնողների ընտանիքում (բուն սվասցի):  Հումորիստ ու հիասքանչ դաշնակահար լինելուց բացի, նաև շատ լավ մարդ է:

 

 

 

 

-Առաջին անգա՞մ եք Հայաստանում:
-Ոչ, Հայաստանում եղել էի 13 տարեկան հասակում: Ինչ-որ թռչունի անուն կրող պիոներական ճամբարում էի հանգստանում, չեմ հիշում ինչ թռչուն էր:

-Ի՞նչ կասեք հումորի զգացումից զուրկ մարդկանց մասին:
— Խղճում եմ: Հումոր չունեցող մարդը շատ տխուր է ապրում, ամեն ինչի տխուր աչքերով է նայում: Առանց հումորի, ինչպես աչքն` առանց լույսի:

-Ձեր տանը ի՞նչ լեզվով եք խոսում:
-Հայերենով, միայն ու միայն հայերենով: Անուշիկ մայրիկս է ինձ սովորեցրել հայերեն, և մինչև 5 տարեկան դառնալս անգլերեն ոչ մի բառ չեմ իմացել:

— Քանի՞ տարեկանից եք «մտերմացել» դաշնամուրին:
-Չորս տարեկանից և մայրիկիս շնորհիվ: Մայրս ժամանակին երազել է դաշնամուր նվագել սովորել, բայց չի իրականացել իր ցանկությունը և որոշել է իր անդրանիկ զավակին, այսինքն` ինձ, տալ դաշնամուրի դպրոց, որի համար շատ գոհ եմ մամայիցս:

— Սիրո՞ւմ եք Ձեր ճանաչված լինելը:
-Ե’վ այո, և’ ոչ, քանի որ կյանքս ավելի է դժվարանում, շատ է դժվարանւմ:

— Անեկդոտ պատմո՞ւմ եք:
-Օ~, շատ-շատ: Առանց անեկդոտի չեմ կարող, շատ անգամ ես եմ հորինում, քանի որ կյանքը տեղով անեկդոտ է:

— Սիրո՞ւմ եք մարդկանց հոգու հետ «խաղալ»:
-Շատ եմ սիրում, հատկապես մայրիկիս հոգու հետ եմ շատ «խաղում», ուրիշների հոգու հետ, լավ մտածում եմ, հետո եմ խաղում, որ հանկարծ որևէ մեկին անտեղի չվիրավորեմ և ցավ չպատճառեմ:

-Երբևէ ընկերները հուսախաբ արե՞լ են Ձեզ:
-Ցավոք շատ: Ծանր տարա 22 տարվա ընկերոջս դավաճանությունը:

-Ո՞վ է զոքանչը:
-Իմ զոքանչը շատ լավ կին է, հարգում եմ:

-Հիշաչա՞ր եք:
-Բնավ, չարը հիշելը բնավորության ամենավատ գծերից մեկն է: Շուտ եմ մոռանում, քանի որ եթե չարը միշտ մտքումդ ես պահում, կյանքդ պարապ բաներով է լցվում:

-Առանց հումորի կարո՞ղ եք ապրել:
-Ո’չ, անկարելի է: Կատակը կյանքս է, առավոտյան արթնանում եմ և սկսում ծիծաղել, որ օրը լավ անցնի:

— Հայհոյո՞ւմ եք երբևէ:
-Մեքենա վարելիս եմ միշտ հայհոյում, այն էլ` թուրքերեն կամ անգլերեն: Ցավոք, հայերեն հայհոյանք չեմ իմանում:

— Երազներին հավատո՞ւմ եք:
-Սկզբում հարցրեք, թե ի՞նչ երազ եմ տեսնում, չեմ հիշում հիմնականում, բայց մի քիչ հավատում եմ:

-Նյութականը կարո՞ղ է ընտանիքի քայքայման պատճառ դառնալ:
-Եթե կա փոխադարձ սեր և հարգանք, դրամը ոչ մի գործ չունի:

— Ինչպե՞ս ե ք 13 թվի հետ:
— Իմ ամենալավ թիվն է, քանի որ ծնվել եմ 13-ին:

-Խոհանոց սիրո՞ւմ եք:
— Շեֆ խոհարար եմ, պատրաստում եմ իտալական, թուրքական, հնդկական, չինական և անպայման հայկական ճաշատեսակներ:

— Ի՞նչ կանեք, եթե դառնաք ամենակարող:
-Մարդկությանը ծիծաղ կտամ, իսկ ծիծաղ կլինի, երբ բոլորը լավ ապրեն: Կվերացնեմ պատերազմները:

-Ի՞նչ է երջանկությունը:
-Ընտանիքիս հետ քով-քովի ըլլալը:

— Հայկական երգերն ընդունվա՞ծ են Ձեր տանը:
-Պապայիս տանը` շատ-շատ, հայկական ժողովրդական և աշուղական երգեր, բայց իմ տանը` առայժմ ոչ:

-Կենդանիներ սիրո՞ւմ եք:
— Շատ եմ սիրում շուն և կապիկ: Տիկինս ուզում է ծովախոզուկ պահենք: Ծնողներիս տանը շուն ենք պահում:

-Ձեզ մտովի քննադատո՞մ եք:
— Մի’շտ, միշտ ծիծաղում եմ ինձ վրա, ինքս ինձ քննադատում եմ և իմ սխալների վրա` սովորում:

-Ի՞նչ ճաշատեսակ եք սիրում:
-Խորոված, փլավ ու զանազան սալաթներ:

-Խմիչքի հետ ինչպե՞ս եք:
-Ելույթից առաջ ոչ մի խմիչք (ալկոհոլ) չեմ օգտագործում: Համերգից հետո` անպայման, բայց` չափավոր:

-Ի՞նչ տվեց Հայաստան այս այցելությունը, գո՞հ եք:
-Գոհը այն խոսքը չէ, շատ-շատ ուրախ եմ: Նախ, ավելի մոտիկից շփվեցի Սամվել Բաղդասարյան մեծ մարդու հետ, ձեռք բերեցի նորանոր ընկերներ: Նրանցից մեկն էլ մոսկվաբնակ հումորիստ Կարեն Ավանեսյանն է: Մի քանի օրվա մեջ շատ մտերմացանք, կարծես երկար տարիներ իրար ճանաչում էինք: Ուրախությանս չափ ու սահման չկա: Շատ շնորհակալ եմ Սամվելին այս հրավերի համար:

-Ի՞նչ են հանդիսատեսի ծափերը Ձեր համար:
— Դա իմ հաճույքների գերագույն հաճույքն է, սիրված լինելու զգացումը ամեն ինչ է:

-Որևէ զավեշտական դեպք կարո՞ղ եք պատմել:
— Դեռ ամուսնացած չէի և հաճախ ընկերուհիներիս բերում էի տուն, որ մայրիկս տեսներ ու տար իր գնահատականը: Եվ մայրս ամեն մեկին մի անուն էր կպցնում. «Էշուն մեկն է, ապուշ կերևի, կարծես խենթ է և այլն, և այլն»: Մի անգամ էլ տուն տարա հերթական ընկերուհուս: Մայրիկիս ասել էի, որ այդ աղջկան պիտի սինեմա (կինո) տանեմ: Մի քանի րոպեով դուրս եկա, երբ մտա տուն` այդ աղջիկը չկար: Երբ զարմացական հայացքով նայեցի մորս, նա ծիծաղելով պատմեց, նախօրոք նշելով, որ այդ աղջիկն էլ դուրը չէր եկել: Մայրս ցույց էր տվել սեղանի շուրջ նստած երկու եղբայրներիս և ասել.
-Կտեսնա՞ս այս երկու տղաներիս:
Աղջկա դրական պատասխանն ստանալուց հետո, ձայնին տալով տխուր երանգ, ասել էր, որ մի աղջիկ զավակ էլ ուներ, բայց Գևորգը (այսինքն` ես) համբուրել էր և աղջիկ զավակը մահացել էր: Զգուշացրել էո, որ իբր իմ համբույրը մահացու է, հանկարծ խեղճ աղջիկը չթողնի, որ իրեն համբուրեմ և…աղջիկը լեղապատառ փախել էր, որպեսզի չդառնա իմ համբույրի «զոհը»:

Հարցազրույցը վարեց`  ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 0 565 Апрель 1, 2017

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում