ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1953թ. հունիսի 8-ին, Երևանում: Խ. Աբովյանի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետ, միաժամանակ` երգել Ակսել Բակունցի «Սերպանտին» անսամբլում: Մասնակցել է «Երիտասարդ ձայներ» մրցանակաբաշխությանը և գրավել 2-րդ տեղը: Այնուհետև հրավիրվել է Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի ջազային անսամբլ: 1974-ին Գերմանիայում մասնակցել է համաշխարհային երիտասարդական փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման:

-Կատակել սիրո՞ւմ եք:
— Այո, առանց կատակի հնարավոր չէ պատկերացնել լիարժեք կյանք:

-Ի՞նչ կարծիքի եք հումորի զգացումից զուրկ մարդկանց մասին:
— Շատ վատ, ինձ թվում է, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ պիտի լինի հումորի զգացում:

— Անեկդոտ պատմել եք սիրո՞ւմ, թե՞ լսել:
-Ավելի շատ լսել եմ սիրում, պատմել չի ստացվում:

— Մարդկանց  «հոգու հետ խաղալ» սիրո՞ւմ եք:
-Մի քիչ, բայց առանց վիրավորելու, առանց ցավ պատճառելու:

— Ձեր թույլ տված սխալի համար պատրա՞ստ եք ներողություն խնդրել:
-Իհարկե, եթե իրոք սխալ եմ թույլ տվել, չեմ ամաչում ապաշխարել:

— Ո ՞վ է սկեսուրը:
-Շատ լավ սկեսուր եմ ունեցել, Աստված հոգին լուսավորի: Նա ինձ համար լավ ընկերուհի է եղել, դրել է ճիշտ ուղու վրա: Նրանից շատ լավ բաներ եմ սովորել: Անկեղծ ասած, մինչ օրս էլ զգում եմ նրա կարիքը:

-Հիշաչա՞ր եք:
-Ո’չ, քանի որ չեմ ուզում հիշել չարը և թողնում եմ Աստծո կամքին:

— Ի՞նչ կանեք, եթե կատուն կտրի Ձեր ճանապարհը:
-Կամ երեք անգամ կպտտվեմ, կամ կփոխեմ ճամփաս:

-Ընտանեկան վեճերից հետո ո՞վ պետք է անի հաշտության առաջին քայլը:
-Իհարկե կինը, անկախ այն բանից, մեղավո՞ր է, թե՞ ոչ:

-Պաշտոնը կարո՞ղ է փոխել մարդուն, սեպ խրել ընկերության մեջ:
-Նայած ինչ մարդ է պաշտոն ստացողը:

-Հավատո՞ւմ եք «աչքով տալուն»:
-Շատ եմ հավատում, իմ վրա բազմաթիվ անգամ եմ զգացել:

-Ինչպե՞ս եք 13 թվի հետ, ունե՞ք հաջողակ թվեր:
-Համենայնդես այդքան էլ լավ չեմ, ընկերություն չեմ անում: Իմ հաջողակ թվերն են 6-ը և 9-ը:

-Հայկական ընտանիքում կա՞ մայրիշխանություն:
— Իհարկե կա: Ինձ թվում է 70-ը կանայք են ղեկավարում ընտանիքը, հատկապես` ընտանեկան բյուջեն:

-Ձեր ամենասիրելի ծաղիկը:
-Վարդ և քրիզանթեմ:

-Ո՞ր տոնն եք սիրում:
— Նոր տարին և մարտի 8-ը:

-Հետևո՞ւ մ եք նորաձևությանը:
-Ոչ, ես ունեմ իմ ոճը և երբեք չեմ դավաճանում դրանք:

-Կանանց հետ է հեշտ աշխատե՞լ, թե՞ տղամարդկանց:
-Երևի թե տղամարդկանց:

-Տարվա մեջ միայն մեկ օր` Ապրիլի 1-ն է հումորի օր, քիչ չէ՞:
-Ինձ լրիվ բավարարում է:

-Արժե՞ չարին չարով պատասխանել:
— Ոչ, էլի ոչ: Մարդ չպետք է իջնի իր մակարդակից և հավասարվի վիրավորանք հասցնողի աստիճանին:

-Ավելի շատ հյուր գնա՞լ եք սիրում, թե՞ ընդունել:
-Ե’վ նա, և’ նա: Ցավոք, վերջերս չեմ հասցնում հյուր գնալ:

-Ո՞ր եղանակն եք սիրում:
-Ամառը, որովհետև ծնվել եմ հունիսին:

-Գեղեցկության սրահներ հաճախել սիրո՞ւմ եք:
-Շատ եմ սիրում: Մի ժամանակ շատ էի հաճախում, հիմա, ցավոք, ժամանակ չեմ ունենում: Ինձ թվում է, բոլոր կանայք էլ սիրում են, կինը պարտավոր է միշտ հետևել իրեն և կանացի մնալ:

-Ընտանեկան հավաքույթների ժամանակ ի՞նչ երգեր եք ավելի շատ երգում:
-Շիրազի խոսքերով Վլադիլեն Բալյանի գրած «Սերս գաղտնի թող մնա» և «Վերադարձիր» երգերը:

-Որևէ զավեշտական դեպք:
-1975թ. Կիսլովոդսկում հյուրախաղերի էինք Կ. Օրբելյանի խմբի հետ: Համերգը սկսվեց, երգեց Էռնա Յուզբաշյանը, երգն ավարտելուց հետո խոնարհվեց ու տեղից չի շարժվում: Հնչում են բուռն ծափահարություններ, բայց նա անշարժ կանգնած է: Մենք անհանգստացանք, վազեցինք բեմ. Էռնայի կոշիկի կրունկը մնացել էր հատակի անցքի մեջ ու դուրս չէր գալիս: Նա չկորցրեց իրեն, հանեց կոշիկները և օդում թափահարելով` դուրս եկավ բեմից: Կուլիսներում կես կատակ, կես լուրջ ասացի.
-Վա~յ, Էռնա ջան, էս ի՞նչ եկավ գլխիդ: Վա~յ քոռանամ ես, հենց քո հետ պիտի պատահե՞ր:
Մյուս համերգին նույնը կատարվեց ինձ հետ: Ես էլ կոշիկներս ձեռքս բռնած ու ծիծաղելով դուրս եկա:Երբ հասա կուլիսներ, Էռնան ասաց.
-Կերա՞ր:
Ու ծիծաղեցինք:

Հարցազրույցը վարեց` ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 0 1656 Июнь 8, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում