ԲՐԵԺՆԵՎ ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉ

ԲՐԵԺՆԵՎ ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉ

Ծնվել է Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկի ավանում(ք. Դնեպրոդերժինսկ): 1935-ին ավարտել է Դնեպրոդերժինսկի մետալուրգիական ինստիտուտը: Կոմունիստական կուսակցության անդամ է 1931-ից, Կենտկոմի գլխավոր քարտուղար` 14.10.64: ԽՍՀՄ հերոս (1966, 1976, 1978, 1981), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1961), ԽՍՀՄ մարշալ (1976), Լենինյան մրցանակի դափնեկիր (1979)…

 

 

«Կյանքի իմաստը մսի մեջ չի»

— Լեոնիդ Իլյիչ, ինչո՞ւ են Ձեզ միշտ «թանկագին»-ով դիմում:
— Բա ուրիշ ի՞նչ կերպ դիմեին: Մի մարդ որ այդքան բարի, մարդասեր, բոլորի մասին մտածող լինի, բա թանկագին չի՞:

— Այդ մարդասիրությունի՞ց է, որ բոլորին խեղդելու չափ պաչ-պռոշտի եք անում:
— Ես բոլոր մարդկանց էլ շատ սիրում եմ, իմ համար կապ չունի, կին ա, տղամարդ ա, միայն թե մարդ արարած լինի` բռնեմ սիրեմ, սեղմեմ էն մեդալապատ դոշիս: Ճիշտ ա, կին լինի, ավելի լավ, օրինակ էն Ինդիրա Գանդիի հետ պաչպչվելը ահագին լավ ա, բայց այ Թետչերին հանդիպելիս մարդ չի իմանում ինչ անի, պաչի՞-չպաչի՞, իրան շատ ա սառը պահում, ոնց որ ասի` «լսի է, իմացի ում հետ գործ ունես»: Մի խոսքով սաղին էլ պաչելը լավ ա, համ էլ օգուտ ա առողջությանը, մենակ թե մերոնքական լինի, մեր կուրսն ընդունի (խոսքս քաղաքական կուրսի մասին է, ոչ թե դոլարի) ու մեկ էլ համը չհանի: Էդ առումով էն դիսիդենտներին հեչ չեմ սիրում, տեսած կա՞ք, որ դրանցից մեկին պաչպչեմ, դրանց մենակ աքսորում եմ, թող գնան աչքից հեռու ինչքան ուզում եմ Սովետի դեմ բան մտածեն:

— Բայց էդ դիսիդենտներն էլ հենց-այնպես չեն մտածում-խոսում չէ՞, պրոբլեմները շատ են: Օրինակ, ամիսներով մեր ժողովուրդը մսի երես չի տեսնում:
— Էս ժողովրդին էլ երբ խոսացնես, մի~ս, հա միս: Հո մենակ մսի մեջ չի՞ կյանքի իմաստը: Ամեն անգամ էդ մսից եք խոսք բացում: Բայց ախր էս կյանքում հոգևորն էլ կա, չէ՞: Միսը վերջանում ա, փոխարենը տարեկան մի-մի գիրք եմ գրում, որ կարդաք, հոգեպես հարստանաք: Ես, օրինակ, ամեն անգամ գրքերս կարդալուց հետո, մսի կարիք չեմ զգում, ընդհանրապես, ախորժակս փակվում է:

— Համաձա՞յն եք, որ ձեզ շատ են օճառվում…
— Ոնց «օճառվում», էդ ի՞նչ բան ա:

— Դե քծնվում էլի, չգիտե՞ք…
— (Բարձր քրքջալով) Առաջին անգամ էի լսում, այ մարդ չգիտեի, որ հարցազրույց տալն էլ կարող ա էսքան ուրախ բան լինի: Հա, ինչ վերաբերում ա քծնվելուն` ինձ համ սիրում են, դե ասացի` ինձ չսիրել չի ստացվում, համ էլ վախենում են, էդքանից հետո` ո՞ նց չքծնեն: Բայց հիմնականում չափի մեջ ա, մենակ էն Հեյդար Ալիևիչն ա մեկ-մեկ շատ համը հանում: Բաքվում եղած ժամանակս չէր թողնում նույնիսկ զուգարան մենակ գնամ……

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերում նրանց, ովքեր ձեզ նմանակում են, ձեր մասին ամեն տեսակի անեկդոտներ պատմում:
— Դե, անեկդոտը կարող ա շատ սիրելուց էլ պատմեն: Էդ որ զոքանչների մասին շատ են պատմում, անպայման չսիրելուց ա՞: Մարդ կա զոքանչին կնկանից ավելի շատ ա սիրում, օրինակ ես ըտենց եմ եղել, էնքան էի…, ուշքը գնում էր… լավ, չխորանանք, էս լրագրողներն էլ ոնց որ մարդու բերանից խոսք քաշեն: …
Ինչ վերաբերում ա նմանակելուն, ո՞ւմ նկատի ունեք, էն Խազանովի՞ն: Ինձ շատ սիրում, հարգում է, ես էլ իր գործն եմ շատ հավանում:

— Վերջին ժամանակներս դժվարությամբ եք ոչ միայն քայլում, այլև խոսում: Հազիվ ենք հասկանում, թե ինչ եք ուզում ասել:
— Որ ուրիշ ղեկավարների ասածները լրիվ հասկանալի ա, դրանից ձեզ ավելի լավ ա լինո՞ւմ: Մեկ ա, ինչ էլ անենք, դժգոհ եք, ավելի լավ չի՞ չլսեք ասածներս: Համ էլ բանը ասելու մեջ չի, այլ` անելու: Տեսե՞լ եք ես իմ ասածը չանեմ:

— Վերջերս շատ են սկսել խոսել ձեր դստեր` Գալինայի մասին, իբրև` բարոյականով էնքան էլ ոնց որ.. Ի՞նչ կասեիք այդ մասին:
— Դե, դուստրս ինձ ա քաշել` ուտող-խմող, կյանքը վայելող, հակառակ սեռի հանդեպ խելքը գնացող: Ինչ վերաբերում ա բարոյականին, իմ փոխարեն թող նրանք կարծիք հայտնեն, ովքեր էդ բարոյականի բացակայությունից օգտվում են:
(Հա~, հա~ բարձրաձայն քրքջում է, երևում է իր իսկ հումորն իրեն շատ դուր եկավ):

Այս ուրախ մթնոլորտում էլ որոշեցինք ավարտել մեր հարցազրույցը, վերջում Թանկագինը ցանկություն հայտնեց.
— Այ մարդ, շուտ-շուտ եկեք հարցազրույցի, վաղուց էսքան ուրախացած չկայի, մենակ անդուր հարցեր չտաք:

Զրուցեց Լևոն Գևորգյանը

0 0 1375 Сентябрь 17, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում