ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԴ  ԲԱՅԱԹՅԱՆ

Երգիչ- երգահան, մանկավարժ, ծնվել է 1954թ. ապրիլի 15-ին` Երևանում: Խորհրդային  բանակում ծառայությունն ավարտելուց հետո զբաղվել է ստեղծագործական  աշխատանքով:  Նաև դասավանդել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Եղիշե Պետրոսյանի  հետ հիմնադրել են «Արձագանք» ստուդիան: Ամուսնացած է, ունի  երկու դուստր:

 

 

— Կատակել սիրո՞ւմ եք:
— Առանց հումորի, կատակի, լավ է մարդ մեռնի:

— Ինչպե՞ս եք վերաբերվում հումորի զգացումից զուրկ մարդկանց:
— Նրանց համարում եմ հիվանդ, խղճուկ, անհետաքրքիր մարդ:

— Ամեն մարդ կարո՞ղ է անեկդոտը ճիշտ մատուցել:
— Չէ, չէ, միանշանակ չէ: Մարդ կարող է շատ հումորի զգացում ունենալ, բայց չկարողանա անեկդոտը նորմալ պատմել:

— Սիրո՞ւմ եք մարդկանց հոգու հետ “ խաղալ”:
— Մեկ-մեկ սիրում եմ, բայց չափի մեջ: Չեմ սիրում դիպչել որևէ մեկի ինքնասիրությանը, միայն հումորով և բարությամբ եմ անում:

— Կնոջ ձեր իդեալը:
— Իմ կինն է` Գայանեն:

— Հիշաչա՞ր եք:
— Բացարձակ, այդ մի հիվանդությամբ չեմ տառապում: Ես ներողամիտ եմ:

— Ընտանեկան վեճերից հետո ո՞վ պետք է անի հաշտության առաջին քայլը:
— Ինձ թվում է` կինը, քանի որ ընտանիքի խաղաղությունը գալիս է կնոջից, որ դա տղամարդու ուժերից վեր է:

— Ավանդապա՞շտ եք:
— Մասամբ, ոչ լրիվ: Ունենք լավ ավանդույթներ, որոնք շատ հաճելի են և ընդունում եմ: Նաև նորի կողմնակից եմ:

— Պաշտոնը կարո՞ղ է փոխել մարդուն:
— Հենց դրա համար է պաշտոնը. մեծամասնությանը փոխում է դեպի վատը: Այսպես ասած` լակմուսի դեր է կատարում:

— Կյանքում ի՞նչ թույլ չեք տա:
— Թույլ չեմ տա դիմացինիս նվաստացնել: Դա մի գիծ է, որից այն կողմ չեմ անցնի:

— Ձեզ գոհացնո՞ւմ է եթերից հնչող հայերենը:
— Ո’չ, երբե’ք: Հաճախ հնչում է այնպիսի գռեհկացված հայերեն, որը զայրացնում է և ոչ թե գոհացնում: Իմ կարծիքով, հեռուստաեթերը պետք է տրամադրվի նրանց, ովքեր կարողանում են խոսել մաքուր, գրական հայերենով:

— Երբևէ զղջացե՞լ եք Ձեր թույլ տված սխալի համար:
— Այո, եղել են դեպքեր, երբ ցավ եմ ապրել իմ թույլ տված ոչ դիտավորյալ սխալի համար:

— Ըստ Ձեզ, տղամարդի՞կ են շատ խոսում հեռախոսով, թե՞ կանայք:
— Ինձ թվում է` հավասար: Զավզակ մարդը զավզակ է, անկախ սեռից:

— Հիմա շատ չե՞ն “աստղերը”:
— Շա~տ-շատ են: “Աստղերը” երևում են, երբ մութ է կամ էլ շուտ վայր են ընկնում:

— Տարվա մեջ միայն մեկ օր` Ապրիլի 1-ն է պետականորեն ընդունված հումորի օր, քիչ չէ՞:
— Քիչ է, բայց ծիծաղել սիրող մարդը յուրաքանչյուր օր իր համար Ապրիլի 1 կանի: Սիրում եմ անկեղծ, առողջ ծիծաղ և ոչ թե հռհռոց:

— Ո՞ր բառ եք սիրում հաճախակի օգտագործել:
— Հասկացա՞ր, այ քեզ բա~ն:

— Ի՞նչը կարող է Ձեր գորշ օրը միանգամից լուսավորել:
— Թոռնիկներիս ծիծաղը, դուստրերիս ներկայությունը, ներքին ուրախությունը, որի կայծը միշտ կա: Երբ տեսնում եմ լավ մարդկանց, անամպ, կապույտ երկինք` կայծից բոց է բռնկվում:

Հարցազրույցը վարեց Զարուհի Մխիկյանը

0 0 1822 Апрель 26, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում